16 հազար խախտում՝ 2021-ին. ՊԵԿ-ի թեմատիկ ստուգումները

ԱԱրսեն Մկրտչյան

Շուրջ 16 հազար խախտում, 3.6 մլրդ դրամ տուգանք: 2021 թվականին Պետական եկամուտների կոմիտեն ավելի քան 22,5 հազար թեմատիկ ստուգում է իրականացրել: Բացի այդ, վերլուծությունների արդյունքում 22 մլրդ դրամի հարկային պարտավորություն է առաջացել:

Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - Ցուցանիշի մեջ հիմնական գերակշիռ մասը ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանն ուղղված ստուգումներն են, որոնց քանակը 2021 թվականին կազմել է 19 հազար և էլի շուրջ 50 տոկոսով գերազանցում ա 2020 թվականի նույնանուն ցուցանիշը:

2021-ին ՀԴՄ շահագործման կանոնների խախտման նոր մեթոդ է բացահայտվել: ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ արդյունքում առևտրով զբաղվող տնտեսվարողին տուգանել են 5 մլն դրամ:

Կարեն Թամազյան - Հարկ վճարողը սպառողին առաջին հայացքից տրամադրում է ՀԴՄ կտրոն, որում պարունակվում են օրենսդրությամբ սահմանված բոլոր վավերապայմանները, այդ թվում՝ ֆիսկալ համարը, որը հատուկ ալգորիթմով ձևավորվող համար է, սակայն հարկային մարմինը բացահայտել և պարզել է, որ նշված վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը չի փոխանցվել հարկային մարմնի տեղեկատվական բազա, և տվյալ կտրոնում արտացոլված տվյալները հորինված են:

Բիզնեսը ստուգումներին նորմալ է վերաբերվում, սակայն խնդիր են տեսնում, երբ տեսուչները ոչինչ չհայտնաբերելու դեպքում փորձում են ամեն կերպ ինչ-որ թերացում գտնել՝ նշում է գործարար Սամսոն Գրիգորյանը:

Սամսոն Գրիգորյան (գործարար) - Հարկավոր է, որպեսզի օրենքները լինեն այնպիսին, որպեսզի ՊԵԿ-ը ավելի քիչ վարչարարությունով հասնի ավելի մեծ եկամուտների հավաքագրման:

Խախտումների մեծ մասը փոքր բիզնեսի մոտ է արձանագրվում, սակայն դա չի նշանակում, որ խոշորները խնդիր չունեն:

Սամսոն Գրիգորյան - Շատ խոշորներ տրոհում են բիզնեսը և մտնում են մանրի դաշտ, այնպես որ, սա չափանիշ չի, դու չես կարող 100-տոկոսանոց ասել՝ սա խոշորի՞ է, թե՞ մանրի:

Խոշորները ևս խոշորացույցի տակ են. նախորդ տարի իրականացվել է շուրջ 840 համալիր ստուգում, որի արդյունքում հավելյալ 28 մլրդ դրամ պարտավորություն է առաջացել, ընդ որում՝ ևս 17 մլրդ դրամ ստուգումների ընթացքում հենց տնտեսվարողներն են ճշգրտումներով ավելացրել:

Կարեն Թամազյան - Դեռևս հարկային իրավախախտումների ոլորտում բավական անելիքներ կան, հարկային մարմինը տարեցտարի փորձում է նվազեցնել համալիր հարկային ստուգումները և խախտումների բացահայտման գործընթացը տեղափոխել հարկային մարմին, վերլուծությունների արդյունքում և հարկ վճարողների իրազեկման արդյունքում ճշտված հաշվարկների ապահովմանը:

Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ հարկերը դիտավորյալ թաքցնելու դեպքեր կան, սակայն Հարկային օրենսգրքում կան խնդիրներ, որոնք վերացնելու դեպքում բիզնեսն ինքնուրույն կնվազեցնի խախտումները:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում