Աշխարհում տնտեսական աճի դանդաղումը չի կարող չազդել Հայաստանի վրա. տնտեսագետ

ԳԳևորգ Թոսունյան

Համաշխարհային տնտեսությունը 2022 թվական է մտնում ավելի թույլ, քան կանխատեսվում էր՝ գնահատականը հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան զեկույցում:

Ըստ միջազգային կառույցի՝ դրան նպաստում է մի քանի գործոն. կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածումը, էներգետիկ գների աճը և մատակարարման խափանումները, որոնք հանգեցրել են սպասվածից ավելի բարձր գնաճի հատկապես ԱՄՆ-ում և այլ զարգացող տնտեսություններում: Զեկույցի համաձայն՝ համաշխարհային տնտեսության թուլացմանը նպաստում է նաև Չինաստանում մասնավոր սպառման սպասվածից ավելի դանդաղ վերականգնումը: ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը չի կարող չազդել նաև Հայաստանի տնտեսության վրա՝ կարծում են տնտեսագետները:

Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - Չինաստանը պղնձի համաշխարհային սպառողներից մեկն է, և եթե Չինաստանում տնտեսության աճի տեմպը նվազում է, բնականաբար, նվազում է պահանջարկը պղնձի նկատմամբ, և, հետևաբար, նաև Հայաստանից էն պղինձը, որ պետք ա մատակարարվեր, և նաև դա կարող ա հանգեցնի համաշխարհային գների որոշակի անկման, դա, բնականաբար, ազդելու է նաև Հայաստանի տնտեսության վրա:

Այս տարի ԱՄՆ-ում սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ, եվրագոտու երկրներում՝ 3.9, Չինաստանում՝ 4.8, Ռուսաստանում 2.8: Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2022-ին կաճի 4.4 տոկոս, ինչը կես տոկոսով պակաս է հոկտեմբերին կանխատեսվածից: Հայաստանի Կառավարությունը դեռ 2021-ի օգոստոսին 2022-ի համար թիրախ էր սահմանել 7 տոկոս տնտեսական աճը: Ֆանյանն ընդգծում է՝ այդ ժամանակ չկային «Օմիկրոն» շտամը, համաշխարհային արժեշղթաների հետ կապված փոփոխությունները և ԱՄՆ-ի դրամավարկային քաղաքականության վերանայումը:

Հայկազ Ֆանյան  - Բնականաբար, եթե սպասվում ա, որ մեր հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը կնվազի, դա միանշանակ բացասական է անդրադառնալու նաև Հայաստանի տնտեսության վրա այլ հավասար պայմաններում:

Սպասվում է, որ 2022-ի երկրորդ կիսամյակում իրավիճակը որոշակի կկարգավորվի, եթե պատվաստումների մակարդակը բարելավվի ամբողջ աշխարհում, և համավարակի դեմ բուժումներն ավելի արդյունավետ դառնան: Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ աշխարհում բարձր գնաճը կպահպանվի՝ զարգացած երկրներում՝ 3.9, իսկ զարգացող երկրներում՝ 5.9 տոկոս: Հայաստանի գործընկեր Ռուսաստանի դեպքում շատ ավելի կարևոր են ռուս-ուկրաինական կոնֆլիկտը և դրա հետ կապված սպասումները՝ ընդգծում է Ֆանյանը:

Հայկազ Ֆանյան - Համաշխարհային խոշոր խաղացողները հնարավոր ա որոշակի սահմանափակումներ կիրառեն էմբարգոյի տեսքով կամ այլ տնտեսական պատժամիջոցների տեսքով Ռուսաստանի նկատմամբ, ինչը միանշանակ այլ հավասար պայմաններում բացասական է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է նաև, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի՝ կազմելով 3,8 տոկոս:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում