Երկրում համաճարակային դրությունը լարված է. հունվարի 22-ից՝ նոր սահմանափակումներ

ՌՌոզա Խաչատրյան

Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումները. հանրային որոշ վայրեր մարդիկ կարող են հաճախել բացառապես ունենալով ամբողջական պատվաստումը հաստատող հավաստագիր, 3 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության կամ արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

Ռոմելլա Աբովյան, ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ - Դեռևս նախորդ տարվա վերջից արդեն շատ երկրներում շրջանառվում էր «Օմիկրոն» շտամը և չէր բացառվում, որ մեր երկրում էլ կհայտնվի: Որպես նախապատրաստական աշխատանք՝ քննարկվեց սահմանափակման ներդրման ուղղությունը, և թե որ ոլորտները պետք է ներգավվեն:

Նոր շտամը Հայաստանում հայտնաբերվեց նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելուց ավելի վաղ: Եվ արդեն այսօր մեր երկրում համաճարակային դրությունը լարված է:

Ռոմելլա Աբովյան - Երբևէ չենք ունեցել վարակի վերարտադրողական ցուցանիշ 3.5, միշտ ունեցել ենք ամենաբարձրը՝ 1.7, ինչը խոսում է, որ վարակի տարածման տեմպերն արագացել են և օրական կտրվածքով արդեն կրկնապատկվում են: 

Եթե «Դելտա» շտամի պարագայում մեկ անձը կարող է վարակել 7 հոգու, ապա «Օմիկրոնը»՝ 5 անգամ ավելի շատ, և վարակվածների թիվը կրկնապատկվում է 3 օրը մեկ: Նոր սահմանափակումները վերաբերում են ամենամարդաշատ ոլորտներին՝ հանրային սննդի և հյուրանոցային օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ և մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ:

Վահե Դանիելյան, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ - Հանրային սննդի կետերում պետք է իրականացնենք ԱՆ նախարարի հրամանով հաստատված պահանջների նկատմամբ հսկողություն: Արձանագրված անհամապատասխանատվությունների դեպքով կազմվում են արձանագրություններ, որոնց համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 100-300 հազար դրամի չափով

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու բացառապես տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և պատասխանատվության միջոցներ ևս կիրառվելու են միայն նրանց նկատմամբ: Ստուգումները կսկսվեն հունվարի 23-ին: Մյուս ոլորտներում էլ վերահսկողություն կիրականացնի ԱԱՏՄ-ն:

Վահե Դանիելյան - Մենք արձանագրելու ենք դեպքը՝ արդյոք տնտեսվարող սուբյեկտն իր տարածք քաղաքացիների մուտքը թույլ տալուց առաջ համապատասխան փաստաթղթերի առկայությունն ստուգո՞ւմ է, թե՞ ոչ:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է՝ կողմ է համաշխարհային այս աղետի դեմ պայքարի ամենախիստ մեթոդներին, ինքն անձամբ 4 դեղաչափ է ստացել: Թատրոնի աշխատակիցների 90 տոկոսն էլ պատվաստված է, բայց պետք է հաշվի առնել շատ հարցեր:

Ռուբեն Բաբայան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար - Հայաստանում այսօր մի քիչ այլ է իրավիճակը՝ թելադրված պատերազմի հետևանքներով: Կան հետպատերազմյան սինդրոմներ, խնդիրներ, սրա առջև կանգնել են բոլոր երկրները, և այդ տեսակետից մեր մշակութային օջախները կատարում են նաև ռեհաբիլիտացիոն դեր:

Բաբայանը հիշեցրեց համընդհանուր վիճակագրությունը. թատրոն այցելում է բնակչության 4-8 տոկոսը, այնպես որ դժվար թե թատրոնները տարածման օջախը լինեն: Սահմանափակումների պատճառով հնարավոր է նաև հանդիսատեսի թիվը կրճատվի, իսկ տոմսերի վաճառքից գոյանում է դերասանի աշխատավարձը, բեմադրական, կոմունալ, տնտեսական ծախսեր, գույքի ձեռքբերում, հարկեր և այլն:

Ռուբեն Բաբայան - Անհրաժեշտություն կլինի փոխել պարտավորությունները, որ թատրոնը վերցնում է իր վրա: Ամեն տարի պայմանագիր ենք կնքում նախարարության հետ՝ այսքան ներկայացում, այսքան հանդիսատես, այսքան գումար: Հաշվի առնելով այս նոր սահմանափակումները՝ դրանք պետք է վերանայվեն:

Ռոմելլա Աբովյանը զգուշացնում է՝ վերջին 14 օրվա վերլուծությունն աննախադեպ ցուցանիշ է արձանագրել, նոր դեպքերն աճել են 130 տոկոսով, այդ թվում՝ մանկապատանեկան բոլոր խմբերում, ընդ որում՝ 6-17 տարեկանների շրջանում դրանք ավելացել են 5 անգամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում