ՄՄարի Կոստանյան

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան

Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո:

«Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են:

«Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է:

«Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը:

Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները: 

Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ  Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:  

Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով: 

«Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը:

Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում