Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով»,- բացատրում են կոչն ստորագրած պատգամավորերը՝ շեշտելով, որ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը։
Իտալացի 26 խորհրդարանականներն ակնկալում են, որ կառավարությունն Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման:
Կոչն ստորագրած խորհրդարանականներն են՝ Էնրիկո Աիմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասսիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրարի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլլիո Պատասսինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, ՄատեոՍալվինի, Օրիետտա Վանին։










