ՆՆարեկ Սահակյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքի իրացման գործում. հայտարարություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքի իրացման գործում. հայտարարություն

Արցախի ԱԺ խմբակցությունները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը:

Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը:

30 տարվա ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում  ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն:

Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:

Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը:

Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը, հավատարիմ 1991 թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան:

Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի:

Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:

Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում»:

Հայտարարությանը միացել են Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում