Նավթի գնի փոփոխությունը Հայաստանի վրա էական ազդեցություն չի ունենա. տնտեսագետներ

ՆՆարե Ոսկանյան

Կորոնավիրուսի նոր շտամի՝ Օմիկրոնի մասին հայտարարություններից հետո համաշխարհային շուկայում նավթի գինը նոյեմբերի 26-ին մեկ օրում նվազեց 12 տոկոսով: Այս տեղեկությունն ազդեց նաև զարգացած երկրների ֆոնդային շուկաների վրա: Հայաստանի պարագայում, ըստ տնտեսագետների, նավթի գնի փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա:

Կարեն Սարգսյան. տնտեսագետ - Բենզինի գնի մեջ նավթի հումքի գինն ընդամենը 7-ից 8 տոկոս է կազմում: Այսինքն՝ նավթի գնի նույնիսկ 50 տոկոս անկումը բենզինի գների էական նվազում չի բերի: Իհարկե, նվազում կլինի, բայց էական՝ ոչ: Հիմնականում բենզինի գինը բաղկացած է շուրջ երեք քառորդն անուղղակի հարկեր, ակցիզներ, իսկ մնացածը նաև վերամշակման, տեղափոխման ծախսեր:

Նարեկ Կարապետյան, տնտեսագետ - Բենզինի և դիզվառելիքի գների վրա մեզ ազդեցություն ունեն այնպիսի միջանկյալ գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային ծախսերը, հարկերը և այլն, և այդ առումով էական ազդեցություն սպասել դժվար է:

Brent տեսակի նավթի 1 բարելը հոկտեմբերին 84 դոլարից ավելի է եղել, այսօր 72 դոլար է: Սա մեկօրյա կտրվածքով՝ 2020 թվականի ապրիլից ի վեր ամենամեծ անկումն է: Գրեթե նույն պատկերն է նաև WTI տեսակի նավթի գնի առումով:

Նարեկ Կարապետյան - Նավթի շուկայում վերջին մեկ տարում բավականին բուռն աճ էր տեղի ունենում: Որոշակի ճշգրտումը՝ դեպի 70 դոլարի, նավթի գինը պահպանում է նորից բավականին բարձր մակարդակում: Համաշխարհային տնտեսության համար դա բավականին բարձր գին է:

Նավթի համաշխարհային շուկան այս պահին համեմատաբար կայուն է: Իրավիճակը փոքր ինչ շտկվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որով նա հայտնել է, որ երկրում Օմիկրոնի շտամի տարածման ռիսկի հետ կապված նոր լոքդաուն չի լինի:

Կարեն Սարգսյան - Նավթի գինը հնարավոր է կայունանա՝ մեկ բարելի դիմաց 75-76 դոլարի սահմաններում: Սա, իհարկե, կախված է ընթացքում շտամի տարածման հետ կապված պետությունների քայլերի, նաև այս շաբաթվա ընթացքում ՕՊԵԿ-ի անդամ պետությունների այդ հանդիպման արդյունքների հետ:

Մեծ անկումներ գուցե երկար ժամանակ դեռ չլինեն, բայց նավթի գինը քիչ հավանական է, որ անցնի 80 դոլարի շեմը՝ ընդգծում է Կարեն Սարգսյանը:

Կարեն Սարգսյան - ԱՄՆ-ն, Չինաստանը նավթի համաշխարհային բարձր գների պայմաններում որոշել են իրենց ռազմավարական պաշարներից վաճառք իրականացնել, որպեսզի ազդեն գնի վրա, որովհետև այս թանկ գնի պայմաններում իրենց տնտեսությունը տուժում է:

Նավթի գնի հետ կապված խնդիրը սպասվում է, որ կհստակեցվի նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի և գործընկերների հանդիպման արդյունքում, որը տեղի կունենա այսօր և վաղը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում