Արցախում կարանտին է, կորոնաթվերը՝ մտահոգիչ

ՆՆարեկ Սահակյան

Համաճարակային իրավիճակն Արցախում շարունակվում է բարդ մնալ: Կորոնավիրուսային հիվանդության օրական մինչև 100 նոր դեպքը, պետական նախարարի գնահատմամբ, մտահոգիչ է: Ուստի նոյեմբերի 24-ից Արցախում համապետական կարանտին է: 

Արտակ Բեգլարյան, Արցախի պետական նախարար - Նաև այն պատճառով, որ պատվաստման մակարդակը շատ ցածր է, նույնիսկ կարելի է ասել՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Եվ մենք խնդիր ունենք մեր բնակչության զգոնությունը բարձրացնելու, նաև հստակ վարչական մեխանիզմներով վերահսկողության մակարդակը բարձրացնել՝ քաղաքացիների, հանրային տրանսպորտի, տնտեսվարողների և բոլոր հնարավոր ուղղություններով:

Արցախում այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 37 դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկների գնահատմամբ՝ 18 հիվանդ ծայրահեղ ծանր, 60 հիվանդ, այդ թվում՝ երիտասարդ տարիքի, ծանր վիճակում է: Թեթև դեպքերում բուժում է իրականացվում ամբուլատոր պայմաններում:

Մհեր Մուսայելյան, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն - Պրակտիկորեն զբաղվում ենք ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներով: Թեթև ձևերին միանգամից փորձում ենք, բացատրում, ուղարկում ենք տուն: Իսկ թեթև և միջին ծանրության դեպքերի պարագայում ուղարկում ենք «Արևիկ» բուժմիավորում, որ ինֆեկցիոն բաժանմունքում շարունակեն բուժումը:

Համապետական կարանատինը հայտարարված է մեկ ամսով՝ մինչև դեկտեմբերի 24-ը: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտարարել է՝ պատրաստ են հերթափոխերով վերսկսել կրթական գործընթացը:

Լուսինե Ղարախանյան, Արցախի ԿԳՄՍ նախարար - Արդեն ունենք կազմած դասացուցակներ՝ բոլոր օղակների համար, եթե հրահանգ լինի բացելու, կարող ենք ճկուն դասացուցակներով, կանոնների խիստ պահպանմանբ սկսել:

Մեթոդական աջակցության նպատակով Առողջապահության նախարարության մասնագետների խումբը Երևանից մեկնել է Արցախ՝ տեղի մասնագետների հետ փորձի փոխանակման: Մեկամսյա կարանտինի ժամանակ փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին Արցախում կարող է մասնակցել 40 հոգի: Առայժմ հանրապետությունում մուտքի և ելքի սահմանափակումներ չեն կիրառվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում