ՀՀ-ն պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը և ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳ նախարար

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանի միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի ագրեսիային, և Ադրբեջանի ներկայիս վարքագիծը դրա հետևանքն է: Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, շեշտել՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը նույնպես հասցեական և պատշաճ չի եղել:

ՀՀ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՐԶՈՅԱՆ

Արարատ Միրզոյան  (ՀՀ ԱԳ նախարար) - Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հայտարարել է Միրզոյանը: Ըստ Հայաստանի գլխավոր դիվանագետի՝ այս պահից սկսած՝ իրավիճակի հետագա լարման ամբողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:

Արարատ Միրզոյան - Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

ՀՀ-Ն ԲԱԶՄԱՄԱԿԱՐԴԱԿ ԿԱՊԻ ՄԵՋ Է ԴԱՇՆԱԿԻՑ ՌԴ-Ի ՀԵՏ. ԱԳՆ ԽՈՍՆԱԿ

Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը: Վահան Հունանյանի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը, քննարկվել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ. Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է այս կառույցի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար,- ասել է ԱԳՆ խոսնակը:- Դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում