Թուրքիան առանցքային դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում. ԵՄ զեկույց

ՄՄերի Ներսիսյան

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում. սա հատված է Եվրոպական հանձնաժողովի զեկույցից: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ «Թուրքիա 2021» զեկույցում տեղ են գտել մի շարք շեշտադրումներ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայերի վերաբերյալ:

«Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք և, ինչպես հաղորդվում է, աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով»:

Զեկույցում նշվում է, որ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման պատճառով Կանադան չեղարկել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները զարգացրել են համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի, ինչպես նաև ակտիվորեն ներգրավված են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային հակամարտություններում՝ չնայած հակամարտող կողմերին քաղաքական և ռազմական աջակցություն տրամադրելուն։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական փակ սահմանին:

«Թուրքիան պետք է էապես մեծացնի ազգային ներդրումները՝ Սիրիայի, Իրաքի, Իրանի, Հայաստանի հետ սահմանի երկայնքով, ինչպես նաև` Թուրքիայի ներսում ականապատված շրջանների մաքրման համար: Ներկայումս ԵՄ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ականազերծմանը»։

Թուրքիայի ժողովրդավարացման վերաբերյալ գնահատականներում անդրադարձ է կատարվում խոսքի ազատության հետ կապված խնդիրներին: Նշվում է, որ հայկական, հունական և հրեական թերթերին նախատեսվող սուբսիդավորումը պետք է տրամադրվի «Մամուլում գովազդի հարցերով մարմնի» կողմից։

Եվրահանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2007 թ․ Թուրքիայում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը:

«Սպանությանը մասնակից պետական պաշտոնյաների դեմ դատական գործի քննությունն ավարտվեց 2021 թվականի մարտին՝ 77 մեղադրյալներից 37-ի արդարացմամբ։ Իսկ Թուրքիայից փախած 12 մեղադրյալների գործերն առանձնացվել են, քանի որ չէին կարող քննվել այդ գործընթացում»:

Եվրոպական հեղինակավոր կառույցն արձանագրում է, որ Թուրքիայում ժողովրդավարական կառույցների աշխատանքում լուրջ թերացումներ կան, իսկ Եվրոպայի խորհրդի՝ Թուրքիային հասցեագրված հիմնական առաջարկությունները դեռ լուծված չեն: Թուրքիայում առկա լուրջ խնդիրների շարքում զեկույցում մատնանշվում է նաև քաղաքական բազմակարծության բացակայությունը, ընդդիմադիր կուսակցությունների թիրախավորումը:

«Կառավարության կողմից ընդդիմադիր կուսակցությունների քաղաքապետների վրա ճնշումն է՛լ ավելի խարխլեց ժողովրդավարության հիմքերը Թուրքիայում: Ընդդիմադիր կուսակցությունների քաղաքապետները ենթարկվեցին վարչական և դատական պատասխանատվության: Ահաբեկչության քողի տակ Թուրքիայում ձերբակալվել են հարյուրավոր քաղաքական գործիչներ և ընտրված ընդդիմադիր գործիչներ: Բարեփոխումների քաղաքական կամքը դեռ բացակայում է»:

Եվրոպական հանձնաժողովը քննադատում է Թուրքիային դատական համակարգի անազատության, համակարգի վրա շարունակական քաղաքական ճնշումների, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման, հակակոռուպցիոն մարմինների բացակայության, մարդու իրավուքների ոլորտում ձախողումների, խոսքի ազատության սահմանափակումների համար: Զեկույցը ամփոփվում է եզրակացությամբ, որ Թուրքիայում գրեթե բոլոր ոլորտներում էական բարեփոխումներ իրականացնելու հրամայական կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում