Տեսչական ստուգումներ՝ Տիկնիկային թատրոնում. հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում թերացել են

ՇՇողիկ Գալստյան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նախասրահն է: Հակահամաճարակային գրեթե բոլոր կանոնների խախտմամբ երեխաներին ուղեկցում են դահլիճ՝ մանկական ներկայացման:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հենց նախասրահում արդեն արձանագրում է՝ քաղաքացիներն առանց դիմակի են, ներս մտնելուց չեն ջերմաչափվում, պահպանված չէ նաև սոցիալական հեռավորությունը:

Նոնա Հայրապետյան, ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ - Մեր պահանջ հորդորից հետո ղեկավարությունը շտկեց խնդիրը, այսինքն՝ աշխատակիցը, որը պետք է կատարեր ջերմաչափումը, արդեն մուտքի մոտ է, այցելուներին տրամադրվեցին դիմակներ:

Արդեն ներսում տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցը: Պարզում՝ դահլիճում էլ հակահամաճարակային կանոնների պահպանման առումով թերացումներ կան: Թեև մեծահասակները դիմակով են, սակայն տեսչականի աշխատակիցների խոսքով՝ երեխաների դեպքում ևս դիմակը պարտադիր է:

Նոնա Հայրապետյան - Շատ կարևոր մի պահանջ ևս կա, որ պետք է սոցիալայն հեռավորությունը պահպանվի: Այսինքն՝ պետք է այնպես նստեն, որ պահպանվի 1.5 հեռավորությունը:

Արձանագրված խախտումների մասին թատրոնի տնօրինությունն առարկություն չունի, ավելին՝ նույն պահին քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Տեսուչները ստուգում են նաև գրանցամատյանները, պարզում՝ այստեղ մեծ թիվ են կազմում պատվաստված աշխատակիցները, թատրոնի տնօրենն իր օրինակով է բոլորին հորդորում պատվաստվել:

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն - Ես թատրոնում շաբաթը մեկ ժողով եմ անում, մարդիկ գրանցվում են, որ գնան պատվաստվեն:  Սա մեծ պետական պրոբլեմ է, եթե այս հիվանդությունից մահացել է 5500 մարդ, սա պատերազմ է:

Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրություն են կազմում, իսկ խախտումների հետ կապված՝ թատրոնին նախազգուշացում կհայտարարվի, թե տուգանք, պարզ կլինի մի քանի օր անց:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում