Կշարունակենք բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանն ուղղված ջանքերը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՍՍոնա Աղբալյան

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին: Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Վաշինգտոնը պատրաստ է շարունակել այդ աջակցությունը և ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրության վերաբերյալ:

ԱՄՆ-ն կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ՝ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերով հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորումը:

Ուզրա Զեա, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ - Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորություններն աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դրանք իրականացնելու հարցում:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ցավակցել է Արցախյան վերջին պատերազմի զոհերի կապակցությամբ և վերահաստատել, որ Վաշինգտոնը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևոր է համարել Նյու Յորքում Մինսկի խմբի հովանու ներքո կայացած՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:

Ուզրա Զեա - Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միաժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում