Բորիս Ջոնսոնը Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն

ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը կվերադառնա Վաշինգտոն՝ որպես վստահությունը վերականգնելու քայլ:

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում: Բայդենը համաձայնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ անվտանգային գործարք կնքելուց առաջ Ավստրալիան պետք է խորհրդակցեր Ֆրանսիայի հետ՝ խուսափելու համար ստեղծված միջազգային սկանդալից: Սպիտակ տունը հեռախոսազրույցն ընկերական և հուսադրող է անվանել:
 
ՋՈՆՍՈՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ, ԱՄՆ-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրն անվանել է կարևորագույն քայլ համաշխարհային անվտանգության համար: «Խոսքը երեք, միանման մտածող դաշնակիցների մասին է, որոնք կանգնած են ուս ուսի՝ ստեղծելով նոր գործընկերություն հանուն տեխնոլոգիաների փոխանակման: Սա փորձ չէ դուրս մղելու որևէ մեկին, այն ուղղված չէ, օրինակ՝ Չինաստանի դեմ»,- ասել է Ջոնսոնը: Նա Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն և այլևս չխոսել այդ գործարքի մասին:
 
ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ

ՄԱԿ-ի ամբիոնից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ին իր օգնականի մեքենայի վրա կատարված հարձակումը երկրում բարեփոխումների իրականացման գինն է: Զելենսկին հայտարարել է նաև, որ հիասթափված է, որ ՄԱԿ-ն անտեսել է «Ղրիմյան հարթակ» միջոցառումը, որին մասնակցել են 46 երկիր և միջազգային կազմակերպություն:
 
ԳԴՀ-Ն ԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԳԵԲՐԵՅԵՍՈՒՍԻՆ

Գերմանիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջարկել է Թեդրոս Գեբրեյեսուսի թեկնածությունը: Գերմանիայի առողջապահության նախարարն ավելի վաղ կոչ էր արել մյուս երկրներին միանալ իրենց նախաձեռնությանն ու կրկին 5 տարի ժամկետով առաջադրել Գեբրեյեսուսին:

Այս պահին ԱՀԿ ղեկավարի պաշտոնում այլ թեկնածուների անուններ չեն շրջանառվում: Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում