Վառելիքի շուկան առավել մրցունակ կդառնա. բենզալցակայանների նոր ցանց կստեղծվի

ԼԼիլիթ Դանիելյան

Սեփական փորձով ուսումնասիրում ենք մեքենան բենզինով, հեղուկ կամ սեղմված գազով, դիզելային վառելիքով լիցքավորելիս ՀԴՄ կտրոն տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ:

Փորձը ցույց տվեց, որ բենզալցման կամ գազալցման կայաններում կտրոն կամ չի տրամադրվում, կամ լավագույն դեպքում տպվում է քաղաքացու պահանջով: Լցակայաններում մեկնաբանում են, որ կտրոնները միշտ ու պարտադիր են տպվում, խնդիրը միայն ՀԴՄ սարքերի փակ, քաղաքացիների տեսադաշտից դուրս տարածքում տեղադրված լինելն է: Հարկային մարմինը ուսումնասիրել է վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Վերջին 1 շաբաթվա ընթացքում բենզալցման և գազալցման կայաններում ստուգայցերով ՀԴՄ չտրամադրելու շուրջ 70 դեպք է գրանցվել։

Արթուր Հակոբյան (ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ) - Բազմաթիվ են ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերը ու պատասխանատվության միջոցների կիրառումները:

ՊԵԿ-ը օպերատիվ ստուգումներ է անցկացրել վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերություններում. հետազոտվել են 335 տրանսպորտային միջոց և դրանց ուղեկցող փաստաթղթեր, պարզվել է՝ առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարում ու տեղափոխում է իրականացվել:

ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՌԱՎԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ ԿԴԱՌՆԱ
Քաղաքացիներին անհանգստացնում է շուկայում հեղուկ վառելիքի գների աճը: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ խնդրին ծանոթ են, աշխատանքներ գնիջեցման ուղղությամբ արվում են: էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ որոշ գազալցակայաններում արդեն գինը 280 դրամից իջել է 240-ի: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում հայկական ընկերություններին օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ ծանոթացնելու ուղղությամբ, որոնք կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ: Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է նաև 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Չբացելով շատ փակագծեր՝ նախարարը տեղեկացրեց միայն, որ ներդրողները օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի Ռուսաստանից ու Վրաստանից:

Վահան Քերոբյան (Էկոնոմիկայի նախարար) - Հիմա թույլտվությունների ստացման փուլն ա, կարծում եմ՝ շուտով կանցնեն իրագործման փուլ:  Ընկերությունը ռուսական չի և եվրոպկան էլ չի, հիմա չեմ ուզենա փակագծերը բացել, բայց մեր ռեգիոնում շատ հայտնի գործարարներ են, ԽՍՀՄ տարածքում, ովքեր շատ մեծ հաջողություններ են ունեցել նախկինում ներդրումներ անելուց:

Քերոբյանի խոսքով՝ ներկայիս շուկան, չունենալով քաղաքակիրթ մրցակից, մոտիվացված չէ զարգանալ, բայց նոր ներդրումը, որը նախատեսվում է շուտով, կփոխի պատկերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում