Ազգային նվագարաններ պատրաստող վարպետը

ԱԱրևիկ Աբելյան

Վարպետ Կարենն է, նվագում է իր ձեռքով պատրաստած դուդուկը: Ծնվել է երաժշտի ընտանիքում: Հայրը նվագախմբի ղեկավար է եղել: Փոքր տարիքում ջութակի դասերի է հաճախել, բայց խոստովանում է՝ չի սիրել:

Կարեն Հակոբյան, երաժիշտ - Սիրում էի դրսում խաղալ, ընկերների հետ վազվզել, նայում էի պատուհանից, վատ էի զգում, որ ես տանը պետք է պարապեմ: Փորձում էի ջութակս կորցնել, բայց չէր ստացվում: Ի վերջո՝ ջարդեցի, տվեցին դաշնամուրի:

Դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո վարպետ Կարենն սկսեց հետաքրքրվել փողային գործիքներով: Ուսումը շարունակեց Մանկավարժական համալսարանում՝ շվիի բաժնում: Ուսանողական տարիներին «Տկզար» նվագախմբում շվի ու պկու է նվագել: 

Կարեն Հակոբյան - Պկուն պատրաստում էինք տարբեր վարպետների մոտ: Բերում էի, նվագախմբում նվագում, տենում էի, որ ինչ-որ նոտաներ չի բռնում, ձայնի որակը լավը չէ, ես ինքս սկսեցի իմ գործիքը փորել: Հետո կողքերից արդեն մեր նվագախմբի մյուս անդամներն սկսեցին դիմել ինձ, որ իրենց գործիքը նայեմ, ուղղեմ: Այդպես տարիներ անցան, որոշեցի, որ ինքս պատրաստեմ: 

Փողային գործիքներ պատրաստելու հարցում սկզբում օգնել են ընկերները՝ տրամադրել են համապատասխան սարքավորումներ, վարպետները սովորեցրել են փայտի ճիշտ վերամշակման գաղտնիքները: 1997 թվականին վարպետ Կարենն ստեղծել է իր արվեստանոցը: 

Կարեն Հակոբյան - Բոլորին ցույց էի տալիս, ասում էի՝ դուդուկ եմ սարքում, նայում էին, ասում էին՝ լավ է:

Գործիքների պատրաստման համար նախատեսված փայտը վարպետն ինքն է ընտրում:  Ծիրանի ծառի կոճղը եռացնում է ջրի մեջ, փայտի յուղը դուրս է տալիս: Յոթ-ութ տարի այն չորացնելուց հետո է միայն սկսում պատրաստել գործիքները:

Կարեն Հակոբյան - Ամենադժվարն սկսելն է: Հետո, բնավորությանս համաձայն, եթե սկսեցի, պետք է ավարտեմ, կիսատ չեմ սիրում թողնել:

Հիմա, որպես անհատ, համերգներ է ունենում արտերկրում, տանը սիրում է կնոջ հետ նվագել: Տանը՝ դաշնամուրի կողքին, մշտապես իրենց ուրույն տեղն  ունեն վարպետ Կարենի՝ ծիրանենու ծառից պատրաստած դուդուկը, շվին, զուռնան, պկուն և պարկապզուկը: Դրանք երաժշտի հարստությունն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում