Կորոնավիրուսի չորրորդ ալիքը հնարավոր է աշնանը

ՌՌոզա Խաչատրյան

Մինչև ուսումնական տարվա մեկնարկն ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը պետք է պատվաստված լինեն:

Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար - Աշխատանքներ ենք տանում միացյալ՝ ապահովելու մոբիլ, հեշտ տարբերակ, որ օգոստոսի երկրորդ կեսից, երբ ուսուցիչները վերադառնում են մինչուսումնական աշխատանքները կազմակերպելու, հնարավոր լինի նրանց պատվաստումը տեղում կազմակերպել:

Մի շարք երկրներում արդեն իսկ պատվաստումը պարտադիր է ուսուցիչների, ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: Հիվանդացության թվերը Հայաստանում ոչ շեշտակի, բայց կայուն աճում են: Աշնան առաջին կեսին կա կորոնավիրուսի չորրորդ ալիքի վտանգ:

Անահիտ Ավանեսյան - Ուսումնական առևտրի շրջանում խնդրում եմ, հորդորում եմ, անպայման փակ տարածքներում կրեք դիմակներ, դիմեք պատվաստման համար:

«Դելտա» շտամով վարակի դեպք Հայաստանում դեռ չի արձանագրվել, բայց առողջապահական գերատեսչության ղեկավարը չի բացառում, որ այն մեր երկրում շրջանառվում է, քանի որ Հայաստանի օդային սահմանները բաց են, իսկ Ռուսաստանում և Վրաստանում «Դելտա» շտամով վարակվածներ կան:

Անահիտ Ավանեսյան - Դժվար է կանխատեսումներ անելը, մենք չենք կարող ասել, թե ինչպես կբարձրանա ալիքը, դրա համար էլ մեր կարանտինի մասին որոշումը թույլ է տալիս ճկուն կերպով օգտագործել գործիքակազմը, անհարկի սահմանափակումներ չանել, բայց երբ պահը գալիս է, մենք օրենքով լիազորված բոլոր միջոցները պիտի կիրառենք:

Ապատեղեկատվությունը, մտավախությունները և շատ այլ պատճառներ Հայաստանում մարդկանց ստիպեցին դժվարությամբ վստահել պատվաստումներին: Դրա համար էլ մեր երկրում պատվաստումների գործընթացը բավական դանդաղ է առաջ գնում: Բայց արդեն դրական միտում կա: Պատվաստվածների թիվն անցել է 150 հազարը:

Անահիտ Ավանեսյան - 2-3 շաբաթվա ընթացքում կտրուկ աճ ունենք, օրական պատվաստումների թիվն աճում է ամեն շաբաթ, բայց դա այն ցուցանիշը չէ, ինչին ձգտում ենք:

Հայաստանն ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման անխափան ընթացք, մեր պաշարները շարունակաբար համալրվում են: Շուտով կներկրվեն նաև նոր տեսակի պատվաստանյութեր:

Անահիտ Ավանեսյան - «Ջոնսոնի» մասով մենք արդեն ունենք Կովաքսի շրջանակներում պայմանավորվածություն, և աշնան առաջին կեսին պետք է Հայաստանում լինի: Ինչ վերաբերում է «Մոդերնա» և «Պֆայզեր» պատվաստանյութերին, մենք աշխատանքային լավ հանդիպում ունեցանք պարոն Աֆեյանի հետ, քննարկեցինք մեր մոտեցումները, թե ինչ պետք է անենք, որ առավելագույնս լավ պայմաններով կարողանանք ապահովել նաև այդ պատվաստանյութերը

Առաջիկայում պատվաստվողների համար հաճելի անակնկալ է սպասվում:

Անահիտ Ավանեսյան - Մտադիր ենք մշակութային միջոցառումների տոմսեր ոչ թե խաղարկել, այլ որոշ պատվաստվողների վիճակահանությամբ տրամադրել:

Պետք է անպայման պատվաստվել՝ կրկնում է Ավանեսյանն ու հիշեցնում, անգամ պատվաստված լինելու դեպքում փակ տարածքներում դիմակի կրումը խիստ ցանկալի է:

Անահիտ Ավանեսյան - Այս պատերազմում հաղթում են հետևողական ու պատասխանատու, կարգապահ վարք դրսևորողները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում