Հայ գերիների հարցը՝ միջազգային օրակարգում

ՍՍոնա Աղբալյան

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է 13 հայ ռազմագերու նկատմամբ շինծու դատական գործընթացը: Նրանք ազատազրկվեցին 7 տարով, ինչից հետո կարտաքսվեն: Ահաբեկչության հոդվածը հանված է, գերիներին կեղծ մեղադրանքներ են ներկայացվել սահմանն ապօրինի հատելու և զինամթերք ունենալու հոդվածներով:

Հայ-բրիտանական մարդասիրական խումբը ռազմագերիների շինծու դատավարությունները կասեցնելու պահանջով նամակ է հղել Միացյալ թագավորության բոլոր 650 պատգամավորներին, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և կառավարության անդամներին: Բրիտանահայերի միությունը շարունակում է նաև լռության ակցիաներ կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով:

«Մենք պահանջում ենք Մեծ Բրիտանիայի պառլամենտից օգտագործել իր լծակները, որպեսզի կառավարությունն անկախ դիտորդներ ուղարկի Բաքու՝ վերահսկելու հայ ռազմագերիների նկատմամբ դատական վարույթները, պահանջի անհապաղ դադարեցնել դրանք, հրապարակել հայ ռազմագերիների և գերեվարված անձանց (ողջ և մահացած) ամբողջական ցուցակը, անհապաղ և անվերապահորեն ազատել բոլոր հայ ռազմագերիներին և ապօրինի կերպով պահվող գերեվարված անձանց»։

Բաքվի դատարանն Արցախյան վերջին պատերազմին մասնակցելու համար կեղծ մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին: Դատավճռում նշվում է, որ դրանից հետո Դուբակովը ենթակա է Ադրբեջանից բռնի վտարման: ՌԴ քաղաքացին դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է արդարադատությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի, բայց 2009-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանում գերի ընկած Արթուր Բադալյանի վերաբերյալ: Մեկ տարուց ավելի նրա գտնվելու վայրն անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանության համար: ՄԻԵԴ-ն արձանագրում է.

«Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին: Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցնում է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում»:

Ադրբեջանի գործողություններն առանձին քննարկման առարկա կդառնան ԱՄՆ Սենատում: Այդ առաջարկով պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորյա Նուլանդը պատասխանել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ սիրիացի զինյալներին տեղափոխման հարցում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում