Նիկոլ Փաշինյանն ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում ՔԿ-ից

ՇՇողիկ Գալստյան

2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այս նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ, վճռական և հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար: Այսօր Քննչական կոմիտեի աշխատակազմին կառույցի նորանշանակ ղեկավար Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա:

Կոմիտեն, ըստ Փաշինյանի, կարևոր աշխատանք է արել, սակայն դա պետք է շարունակական բնույթ կրի նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Վարչապետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ Արգիշտի Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի:

Նիկոլ Փաշինյան - Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ:

Կառավարության հուլիսի 12-ի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ՝ ազատվելով նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր անցած տարվա դեկտեմբերից: Մինչ այդ Քյարամյանը զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի, ինչպես նաև ՊՎԾ ղեկավարի պաշտոնները:

Վերադառնալով Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ նա պետական կառավարման համակարգում պաշտոն կզբաղեցնի:

Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում, և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք: 

Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018-ի հունիսի 10-ին:

Արտահերթ ընտրություններից հետո թեև Կառավարության ձևավորման փուլը դեռ չի սկսվել, բայց պետական կառավարման համակարգում կադրային փոփոխությունների մեկնարկը տրված է: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 1-ին Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվեց Արսեն Թորոսյանը, նրան փոխարինեց Արայիկ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է Արմեն Գրիգորյանը՝  նշանակվելով ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այդ պաշտոնը կզբաղեցնի Արթուր Հովսեփյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում