Ավանդական Ծիրանատոնը՝ Քասախ գետի ափին

ԱԱրևիկ Աբելյան

Խոսքը, գույնը, մեղեդին՝ մեկ վայրում. «Յոթ մուսաների» այգում նշվեց Ծիրանատոնը: 2005-ից ամեն տարի հուլիսին Արագածոտնի մարզում՝ Քասախ գետի աջ ափին, հավաքվում են մտավորականները, ստեղծագործում, ծիրանի ծառերի տակ նշում ամենահայկական մրգի տոնը: Միջոցառման կազմակերպիչ, գրող Արևշատ Ավագյանի խոսքով՝ այգում մշակույթին նվիրված միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել:

Արևշատ Ավագյան (գրող, գեղանկարիչ) - Ունենք նաև կեռասի օր, թթի օր, խնձորի օր: Տարվա մեջ 7 անգամ նշում ենք պտղատոները: Այգում անցկացվում են ստեղծագործական հավաքներ, նկարիչները նկարում են: Այստեղ բանաստեղծություններ են ծնվել: 

Այգու ծառերը մոտ 20 տարի առաջ տնկել են շուրջ 70 մտավորականներ՝ հետագայում ստեղծագործական հավաքներ անցկացնելու համար: Այսօր ծառերն արդեն բերք են տալիս: Ծիրանատոնին մասնակցում են նաև արվեստագետներ այլ երկրներից:

Նինո Սպանդերաշվիլի (գրող) - Ստեղծվում են կապեր տարբեր բանաստեղծների հետ՝ ապագայում հայ-վրացական կամուրջներ ստեղծելու համար: 

Հոսեին Թաբաթաբային առաջին անգամ է մասնակցում հայկական պտղատոնին: Ասում է՝ ներկա է ամենավառ կորիզին՝ մտավորականությանը համախմբող միջոցառման:

Հոսեին Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերի խորհրդական) - Հայերը մեծ հարգանք են տածում և մեծարում են բնությունը: Այդ մեծարումն իր արտացոլանքն է գտնում գրականության, նկարչության, արվեստի բոլոր ճյուղերի, տարատեսակ, հետաքրքիր, ինտերակտիվ միջոցառումների մեջ: Մենք տեսնում ենք այդ բնության պաշտամունքը հայերի մշակույթում:

Ներկաները վստահ են՝ Ծիրանատոնը սերտացնում է սերունդների միջև կապը, հայտնի հայ արվեստագետների տնկած ծառերի ներքո երիտասարդներն այսօր լսում են ժամանակակից գրողների իմաստուն խոսքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում