Ինչո՞ւ է ծաղկում Սևանա լիճը

ԳԳոհար Սիմոնյան

Սևանի ծաղկման գործընթացը սկսվել է: Մասնագետների խոսքով՝ սա բնական երևույթ է, որը սկսվել է անցյալ դարի 40-ականներից։ Կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ գրանցվեց 2018 թվականին, ինչի հետևանքով լիճն ամբողջությամբ կանաչել էր: Հիդրոկենսաբան Հերբերտ Վարդանյանի խոսքով՝ տասնյակ բնակավայրերի կեղտաջրեր լցվում են Սևան, ինչը բերում է նման իրավիճակի:

Հերբերտ Վարդանյան (հիդրոկենսաբան) - Սևանի ափամերձ հատվածներում գտնվող սպասարկման և ժամանցի վայրերից կեղտաջրերի մուտքը նորից Սևան, անասնապահական և գյուղատնտեսական հոսքաջրերի մուտքը Սևան:

Լճի ծաղկմանը մեծապես նպաստում են նաև կլիմայական փոփոխությունները՝ ջերմաստիճանի բարձրացումը, նշում է Վարդանյանը: 

Հերբերտ Վարդանյան - Ափամերձ հատվածների կեղտաջրերի հավաքումը, մաքրումը, անհրաժեշտ կոյուղացանցերի կառուցումը և, ամենակարևորը՝ ջրի մակարդակի բարձրացումը:

Վերջին տարիներին ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով 1901 մետր նիշի: Առաջիկայում մեխանիկական կայաններին կից նախատեսվում է կառուցել նաև կենսաբանական մաքրման կայաններ, որոնք, ըստ Աբելյանի՝ մեծապես կնպաստեն ջրի մաքրմանը:

Արման Աբելյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) -  Մաքրման կայաններ պետք է կառուցվեն նաև լճի ափամերձ տարածքում գործող սպասարկման և տնտեսվարող բոլոր օբյեկտներում: Ներկայումս ունենք 21 կենսաբանական մաքրման կայաններ՝ 14 տնտեսվարողների կողմից:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մասնագետները մի քանի օր առաջ են վերադարձել Սևանից: Կատարել են ուսումնասիրություն, ինչպես նաև հետազոտության համար նմուշներ են վերցրել:

Գայանե Շահնազարյան («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն) - Պատկերը նույնն է, ինչ որ անցյալ տարի հունիսին է եղել, չնայած որ այս տարի ավելի վաղ սկսվեց եղանակի տաքացումը, եղանակն ավելի բարենպաստ էր, բայց պրոցեսները նույնն են, թափանցիկությունը քիչ է՝ մինչև 3 մետր:

Նման ցածր ցուցանիշը հնարավորություն չի տալիս, որ լիճը մինչև վերջ մաքրվի, այնուամենայնիվ ջրի ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտ 20 տարի՝ նշում է Գայանե Շահնազարյանը: Բնական վիճակին վերադառնալու համար կա ևս մեկ նախապայման:

Գայանե Շահնազարյան - Մեծ քանակությամբ բաց է թողնվում իշխանի մանրաձուկ, որի նպատակն է Սևանում ձկնային պաշարների ավելացումը, նպաստել կենսածին տարրերի դուրսհանումը Սևանից:

Այս տարվա հունիսին 17 հազար իշխանի մանրաձուկ է բաց թողնվել լիճ:

Նորիկ Բադալյան («Սևան» ազգային պարկի գլխավոր ձկնաբան) - Այս տարի նախատեսվել է նաև Գեղարքունի տեսակի մանրաձուկ, որը պետք բաց թողնվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մոտ 90 հազար:

Մասնագետների խոսքով՝ Սևանը տեսանելի կծաղկի հուլիսի կեսերին, հանգստացողներին խորհուրդ են տալիս լողալուց առաջ հետևել առողջապահության նախարարության ցուցումներին։ 

Էլեն Սարգսյան, Դավիթ Մաճկալյան, Էդգար Դավթյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում