Լույս է տեսել «Բռնության մշակույթը Հայաստանում» գիրքը

Բռնության մշակույթը Հայաստանում. թեման Եվրասիա համագործակցություն հիմնադրամում ուսումնասիրել, հետազոտական գիրք են գրել: Մոտ 400 էջանոց աշխատությունում բռնությանը վերաբերող 4 հետազոտություն է մեկտեղվել, սակայն բռնության հիմքերը փնտրել-գտնելու համար հետազոտողները տասնամյակներ են հետ գնացել:

Գևորգ Տեր-Գաբրիելյան (արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն) - Հետազոտեցինք բռնության մշակույթի արտահայտումները Հայաստանում, և, բացի դպրոցական միջավայրից, բանակային միջավայրից, ընտանեկան միջավայրից, պարզ դարձավ, որ ակունքները գալիս են Խորհրդային Միության գուլագի ճամբարային բռնությունների, բռնադատումների ժամանակներից:

Այսօր բռնությանը հակադրվելու համար պետք է հասկանալ, պարզել, թե նախկինում ինչեր են արել՝ պնդում է գրքի գլխավոր խմբագիրը: Դա է պատճառը, որ աշխատությունը պարունակում է և՛ խորհրդային, և՛ ներկայիս իրողություններին վերաբերող վերլուծություններ:

Գևորգ Տեր-Գաբրիելյան - Գիրքն սկսեցինք անել 2018-ի հեղափոխությունից հետո, ավարտեցինք մինչև պատերազմը: Այդ ժամանակ թվում էր, թե հրաժեշտ ենք տալիս բռնության մշակույթին:

Հրաժեշտ տվեցինք թե ոչ՝ դեռ նոր ուսումնասիրություն պետք է անեն՝ պնդում է Տեր-Գաբրիելյանը, պատերազմն ու դրան հաջորդած զարգացումներն իրենց հետքը թողել են: Կարևորը այդ ամենի դեմ պայքարի միջոց գտնելն է:

Գևորգ Տեր-Գաբրիելյան - Բռնության մշակույթը նախևառաջ առնչվում է մարդու արժանապատվությանը: Եթե մարդու արժանապատվությունը չի կոխկրճված, եթե այն չի ճնշված, ո՛չ ինքն է ճնշում, ո՛չ իրեն են ճնշում:

Գրքի շնորհանդեսը խորհրդանշական օր են ընտրել՝ հունիսի 14-ը Հայաստանում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: Այսպես փորձել են հին ու նոր բռնությունների կապը ցույց տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում