ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկան ՀՀ-ի համար տնտեսական նոր հնարավորություն կստեղծի

ԱԱննա Ավետիսյան

ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի համար պայմանների ստեղծումը կառույցի անդամ երկրների ղեկավարների աշխատանքի առաջնահերթություններից է: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին ևս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների ձևավորման մոտեցումները, այլև սահմանվեն 3-րդ երկրից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:

Գազի միասնական շուկա ունենալն ամրագրված է ԵԱՏՄ մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության ծրագրում, ինչը ենթադրում է անդամ երկրների համար ոչ խտրական մոտեցում, գազի փոխադրման և տարանցման միասնական սակագնի սահմանում:

Բագրատ Ասատրյան, տնտեսագետ - Տնտեսական միությունն ինքնին նշանակում է միասնական շուկաներ: Եթե խոսում ենք անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ էներգակիր ներկրող երկների համար, սա, իհարկե, անհրաժեշտություն է ու կարող է լրացուցիչ լծակ լինել տնտեսական զարգացման համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ կարևոր է համարում Հայաստանի իշխանության կողմից խնդրի բարձրացումը, քանի որ բոլոր փաստաթղթերով ամրագրված է, որ մինչև 2025 թվականը պետք է ծրագիրը կյանքի կոչվի: Մանուկյանի գնահատմամբ՝ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելը հնարավորություն կտա նվազեցնել ԵԱՏՄ անդամ երկների միջև տարաձայնությունները:

Արտակ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Գաղտնիք չէ, որ բելառուսական ու ռուսական ընկերություններն առավելություն ունեն, այսինքն՝ նույն շուկայում լինելով, պայմանական ասած՝ Բելառուսը շատ ավելի շահեկան սակագներով է էլէներգիա ու գազ ձեռք բերում, քան ՀՀ-ն, ինչն ազդում է այդ ապրանքների մրցունակության վրա: Հետևաբար, ինչքան շատ խոսենք, որ տնտեսական այս բաղադրիչը լինի, այնքան կարևոր կլինի ոչ թե երկրների, այլ միասնական շահը:

Տնտեսագետների կարծքով՝ այս պահին ԵԱՏՄ-ում անհավասար պայմաններ են, բայց ներկայումս տեսնում են պատշաճ հենք՝ ծրագրի իրականացման համար

Արտակ Մանուկյան - ՌԴ-ում գազի գները լայն սպառման խավի համար թանկացել են, բայց այստեղ որևէ փոփոխություն չկա, սա մոտեցնում է քայլեր անել այս ուղղությամբ:

Բագրատ Ասատրյան - Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք, հակառակ դեպքում՝ այս տնտեսական միությունն այդպես էլ կմնա քաղաքական:

ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկա ունենալու հարցը մի քանի անգամ բարձրացրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը նույն է եղել՝ կլինի միայն ԵԱՏՄ անդամ երկրների խորը ինտերգրման դեպքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում