Հայաստանի ազգային պատկերասրահը «Սա նրանից հին» ցուցադրությամբ բացել է իր դռները

ՀՀովհաննես Վարդանյան

«Սա նրանից հին» խորագրով այցելուների առաջ վերջապես իր դռները բացեց Հայաստանի ազգային պատկերասրահը, որն այս տարի տոնում է հիմնադրման 100-ամյակը:

Ըստ ավանդության՝ Սանահինը՝ սա նրանից հին է կոչվել Հաղպատից ավելի հին լինելու համար: Վանական այս համալիրները եղել են միջնադարյան Հայաստանի հոգևոր և կրթական կենտրոններ:

Հոբելյանական տարին բացող ցուցահանդեսը նվիրված է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Գլխավոր թեման Հաղպատի և Սանահինի վանքերն են, նպատակը՝ մշակութային ժառանգության պահպանումը, վերարժևորումը կերպարվեստի և կինոարվեստի միջոցով:

Մարինա Հակոբյան (Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն) - Ամեն մեկս կղզիացած շատ բան չենք կարող անել, բայց միասնաբար շատ բան կարող ենք անել:

Միասին գործելու համար պատկերասրահի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջև ստորագրվեց գործակցության հուշագիր՝ ցուցադրելով Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի Հաղպատի և Սանահինի դրվագներով չօգտագործված կադրերը:

Պատկերասրահի պատերին Արշակ Ֆեթվաճյանի մատիտանկար-վավերագրերն են, Շիշմանյանի, Թադևոսյանի, Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները: 100-ամյա կառույցը հոբելյանական տարվա ընթացքում նորություններ կունենա, բայց՝ փուլ առ փուլ: Նորոգումը խանգարում է միանգամից բացվելուն:

Մարինա Հակոբյան - Կարծում եմ՝ որոշ ժամանակ կգործեն միայն սրանք, որովհետև դեռևս շենքը հնարավորություն չի տալիս վերաբացվելու: Այստեղ մենք նախատեսում ենք շարժական փոփոխվող ցուցահանդեսներ կազմակերպել:

Կլինեն նաև հանդիպումներ, կներկայացվեն ֆոնդապահոցի նմուշները:

Մարինա Հակոբյան - Այս ընթացքը մեզ համար շատ լավ էր, օգտագործում ենք մեր էքսպոզիցիայի վերափոխման համար: Տարիներ շարունակ մենք միևնույն ցուցադրությունն ենք ներկայացրել հանրությանը, վերաբացված ցուցադրության ընթացքում մենք արդեն կտեսնենք բավականին աշխատանքներ, գանձեր մեր ֆոնդապահոցներից:

Ցուցահանդեսի գծանկարները առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում: Եղել են Լուվրի դեկորատիվ արվեստների, Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում: Պատկերասրահում տարվա ընթացքում այցելուներին սպասում են անակնկալներ:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում