Հայաստանում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը

Կոտայքում կկառուցվի Եվրամիության չափորոշիչներին համապատասխանող՝ Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը: «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման միջազգային համաձայնագրը ստորագրվել է դեռ 2016-ին, մեկնարկը միայն այս տարի հնարավոր եղավ տալ։ Սանիտարական աղբավայրի գործարկումից հետո երկու մարզում կլինի բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից արդյունավետ, նաև՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ աղբահանության նոր համակարգ։

Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մենք ՀՀ-ում ունենալու ենք աղբահանության ռազմավարությունից բխող նմանատիպ այլ աղբավայրեր, որով փոխվելու է թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:

Եվրաստանդարտներով աղբավայրը կարժենա 11 մլն եվրո: 5,5 մլն-ը վարկ է, մյուս 5,5-ը` դրամաշնորհ: Ֆինանսական աջակցությունից մինչև նախագծային աշխատանքներ, նաև սեփական փորձի ներդրում: Աղբավայրի կառուցման մեջ մեծ է եվրոպական տարբեր գործընկեր կառույցների դերը:

Դմիտրի Գվինդաձե (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար) - Կանաչ տնտեսությունը, էներգաարդյունավետությունը, կոշտ թափոնների կառավարումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջնահերթություններն են, և մենք նախատեսում ենք շարունակել այս բոլոր աշխատանքները Հայաստանում:

Աղբավայրը նախատեսված է լինելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 97 բնակավայրի համար: Եվրաստանդարտով է լինելու ոչ միայն բուն աղբավայրը, այլև աղբահան մեքենաները, աղբամանները: Ցանկապատ տարածքում կլինի նաև կշեռք, ավտոլվացման կետ: Բնապահպանությանն ու կլիմային վերաբերող ծրագրերը, դրանց ամրապնդումն ու զարգացումը առաջնային են Եվրամիության համար՝ նշում է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ դեսպան) - Աղբահանության կառավարման առումով կայուն և երկարաժամկետ ազդեցության կարելի է հասնել միայն համատեղ ջանքերով: Սա կերաշխավորի օդի, ջրի մաքրությունն ու բարձր որակը, կստեղծի առողջապահական լավ պայմաններ, նաև կզարգացնի ու կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային տարածքների գրավչությունը:

Հանրապետությունում գործող 300 աղբանոցից և ոչ մեկը չի համապատասխանում քաղաքաշինական ու բնապահպանական նորմերին՝ ընդգծում է Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուն: Ակունքում ու Մարտունիում էլ կկառուցվեն նաև փոխաբեռնման կայանները:

Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Որպեսզի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը նաև ծախսարդյունավետությունից ավելի օգուտ լինի, տեղադրում ենք 2 փոխաբեռնման կայան, որտեղ աղբը հավաքվելու է, սեղմվելու է, հետո մեծ մեքենաներով կտեղափոխվի անմիջապես աղբավայր:

Երբ աղբը պատշաճ հավաքվի, տեղական ու միջազգային կառույցներն արդեն վերամշակման ծրագրերի մասին կմտածեն: Կոտայքի ու Գեղարքունիքի աղբավայրը 2022-ի հունիսին շահագործման կհանձնվի: ՎԶԵԲ-ի աջակցությամբ երկրորդ սանիտարական աղբավայրը Երևանում կկառուցվի: Հիմա մրցութային փուլն է, նախատեսվում է շինարարությունը սկսել տարվա երկրորդ կեսին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում