Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

ՎՎարդուհի Բալյան

Թուրքիան դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե բոլոր ապրանքների արտահանման գծով ուներ մաքսատուրքի 25 տոկոսի զեղչի արտոնություն, որը ԵԱՏՄ խորհրդի՝ մարտի 5-ի որոշմամբ դադարելու է 4.5 ամսից: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: 

«Արտոնության դադարեցումը նշանակում է, խոսքը 25 մլրդ դոլարի ներմուծման ծավալների մասին է, որ ԵԱՏՄ երկրների արտադրանքը ստանում է արտոնության զեղչ: Դա շատ կարևոր է, և մեր տնտեսվարողները պետք է սկսեն ադապտացվեն այդ իրավիճակին»,- ասաց Գրիգորյանը:  

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան անդրադառնալով թուրքական ապրանքների՝ դեպի Հայաստան ներմուծման արգելքին՝ փոխվարչապետը նշեց, որ մինչև սահմանափակումը Թուրքիայից Հայաստան է ներմուծվել շուրջ 200 մլն դոլարի պատրաստի արտադրանք, ինչն, ըստ նրա, պոտենցիալ արտադրության ծավալ է և զգալի է Հայաստանի համար: Գրիգորյանի խոսքով՝ այդ նիշը պետք է զբաղեցնեն մեր տնտեսվարողները: 

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Հարցին՝ կերկարաձգվի՞ Թուրքիայից ապրանքների արգելքի գործողության ժամկետը՝ Գրիգորյանը նշեց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը, ամենայն հավանականությամբ, երկարաձգելն է: Կան բացառություններ հումքի մասով, բայց վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում