Պտղունքի դպրոցի վթարային շենքի փոխարեն կառուցվում է նորը, որ կդիմանա առնվազն 9 բալ երկրաշարժի

ՀՀայկուշ Ասլանյան

Պտղունքի երեխաները տասնյակ տարիներ դպրոց են գնացել տարրական պայմաններից զուրկ այս ավերակներում: 4-րդ կարգի վթարային շենքում դաս անելը խիստ վտանգավոր է: Խնդիրը մշտապես ներկայացվել է տարբեր գերատեսչություններին ու մնացել չլուծված: Բայց երկու տարի առաջ, Կառավարության որոշմամբ, այն ընդգրկվեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի դպրոցների ցանկում: Նախկին դպրոցի տարածքը հիմա մեծ շինհրապարակ է դարձել. նոր դպրոց է կառուցվում:

Կարապետ Արթենյան (Պտղունք համայնքի ղեկավար) - Կառուցվում է 240 աշակերտի համար՝ Ասիական բանկի ծրագրով և պետության 10 տոկոս հաֆինանսավորմամբ, պատվիրատուն Տարածքային զարգացման հիմնադրամն է:

Դպրոցը երկհարկանի է՝ չորս մասնաշենքով: Ունենալու է լուսավոր դասարաններ, հանդիսությունների ու սպորտ դահլիճներ, ճաշարան և հարմարեցված սանհանգույցներ: Շինարարները գիշեր-ցերեկ աշխատում են, որ հասցնեն 2022-ի սեպտեմբերին շենքը շահագործման հանձնել:

Գևորգ Պողոսյան (տեխնիկական հսկիչ) - Հասել ենք նախապատրաստական շերտին, որից հետո կսկսենք բետոնային աշխատանքները:

Սահակ Աղաքարյան (շինարար) - Սա օջախ է, սրբություն է, մեծ հաճույքով հասցնելու ենք նպատակին, որ երեխաները գան, կրթվեն:

Լույսն ու ջերմությունն էլ կստանան արևից. տանիքին վահանակներ կտեղադրեն: Իսկ ցնցումներին դիմակայելու հարցը կլուծեն մասնաշենքերի՝ միմյանց կապող հատվածում ճկուն խցաններ տեղադրելով: Կառույցը կդիմանա 9 բալից ավելի երկրաշարժին:

Էռնեստ Հովհաննիսյան (շինարարական ընկերության գլխավոր ինժեներ) -  Գյուղական պայմաններում սա նորություն է՝ բավականին լավ նախագծով, սեյսմակայունությունն ապահովված է:

Դպրոցը ժամանակավոր տեղափոխվել է Զվարթնոցում գտնվող նախկին օժանդակ հաստատության շենք: 116 երեխայի՝ համայնքից համայնք տեղաշարժն իրականացվում է Պտղունքի բյուջեի միջոցներով:

Կարապետ Արթենյան - Տրանսպորտ ենք վարձել, պայմանագիր ենք կնքել, երեխաներին օրը երկու անգամ տեղափոխում է դպրոցից տուն:

Արմինե Գրիգորյան (Պտղունքի դպրոցի տնօրեն) - Պտղունքի դպրոցի կանգառում սպասում են: Կազմակերպիչները դասղեկ-դասվարները, հոգեբանը ընդգրկված են այս միջոցառմանը:

Ավարտականների բախտը չի բերի. նրանց վերջին զանգը կհնչի Զվարթնոցի կրթօջախում: Իսկ փոքրերը երջանկություն կունենան լույսի ճանապարհն անցնել իրենց գյուղի նոր ու հարմարավետ դպրոցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում