Մեկ շաբաթում՝ 200 դեպք. Լոռիում ևս մեկ բժշկական կենտրոն կսպասարկի կորոնավարակակիրների

Կորոնավարակակիրների թվի ավելացմանը զուգահեռ Լոռիում ավելանում է նաև մահճակալային ֆոնդը: Մարտի վերջից Սպիտակի բժշկական կենտրոնին համավարակի դեմ պայքարում միացավ նաև Վանաձորինը:

Ռուզաննա Մկրտչյան, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ - Ունենք նաև ծավալված Քովիդ բաժանմունք Վանաձորի Բկ-ում, որտեղ բուժում է ստանում 40 հիվանդ, սակայն մեկուսարաններում էլ ունենք հիվանդներ: Վանաձորի բժշկական կենտրոնում հիվանդների թիվը մոտ 50 է և 108 հիվանդ՝ Սպիտակի բժշկական կենտրոնում:

Ընդհանուր առմամբ՝ 165 քաղաքացի է բուժօգնություն ստանում, բոլորի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր կամ ծանր են գնահատում, 7 պացիենտ միացված է թոքային օդափոխության սարքին:

Անահիտ Թամրազյան, բժիշկ - Այնքան հիվանդ կա՝ դրական թեստերով պոլիկլինիկաներում նմուշառված, շնչահեղձ լինելով ստիպված բերում էին հիվանդանոց, որ գոնե մեզ մոտ թթվածնից օգտվեն:

Այս պահին հոսպիտալացման կարիք ունեցող ավելի քան 30 քաղաքացի սպասում է իր հերթին: Բժիշկներն աշխատում են ուժերի գերլարումով, թեթև դեպքերի թիվն էլ փոքր չէ, նրանք մարզի պոլիկլինիկաների հսկողության տակ են:

Վահագն Մկրտչյան, Վանաձորի ԲԿ տնօրեն - Եթե ունենում ենք դուրսգրում կամ, աստված մի արասցե, մահ, բնականաբար, անմիջապես այդ տեղերը լրանում են: Այսինքն՝ 40 մահճակալ, 40 հիվանդ միշտ կա մեր բաժանմունքում: Հնարավորության սահմաններում և հնարավորությունից դուրս մենք բոլորին էլ օգնում ենք, բայց մեր ռեսուրսներն անսահմանափակ չեն:

Լոռիում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավարակակիրների թիվը 200-ով ավելացել է, մարզպետարանից ասում են, եթե այս տեմպերը պահպանվեն, ստիպված կլինեն նաև ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորել: Միայն մարտին մարզում վարակման 1066 դեպք է արձանագրվել՝ 26 մահվան ելքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում