Անհրաժեշտ է վերլուծել 44-օրյա պատերազմը՝ հետագա սխալներից խուսափելու համար. Արցախի ԱԳ նախարար

ԱԱրթուր Խաչատրյան

Ապրիլյան քառօրյա պատերազմը լուրջ վերլուծության չի ենթարկվել, մինչդեռ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտություն կար՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նախարար Բաբայանը պնդեց՝ հետագայում սխալներից խուսափելու համար այժմ էլ անհրաժեշտ է վերլուծել 44-օրյա պատերազմը:

Դավիթ Բաբայան  (Արցախի ԱԳ նախարար) - Պետք է մասնագիտացված ձևով վերլուծվի: Անպայման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է եղել, ոնց է եղել, ինչ սխալներ և թերություններ են եղել: Ինչու մենք ունեցանք այն, ինչ ունեցանք:

44-օրյա պատերազմը կտրականապես տարբերվել է ապրիլյանից՝ առաջին հերթին Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությամբ: Արցախում այժմ քննարկումներ են ընթանում բանակում սպասվող բարեփոխումների շուրջ, դեռևս վերջնական մոտեցում չկա: Պատերազմը մեծ ազդեցություն է թողել հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա, և դա ազդում է նաև զինված ուժերի մարտունակության վրա:

Դավիթ Բաբայան - Երբ կան մարդիկ, որոնք հրճվում են Ալիևի ասածներից, նրա ժպիտից, երբ ասում են՝ ինչ կտա ցեղասպանության ճանաչումը: Այս ամենը չի կարող չազդել նաև զինված ուժերի և պետության մարտունակության, իմունիտետի վրա:

Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին հավակնություններ է ներկայացրել Սյունիքի նկատմամբ՝ հայտարարելով՝ Զանգեզուրն Ադրբեջանի հնագույն տարածքն է, որը թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս սադրիչ հայտարարության վրա:

Տաթևիկ Հայրապետյան  (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մի կողմից խոսում են հնարավոր համակեցության մասին, մյուս կողմից հնչեցնում սադրիչ հայտարարություններ երկարատև խաղաղության հաստատման համար: 

Այսպես կոչված Զանգեզուրի «միջանցքի» մասին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է մի քանի անգամ: Հայկական կողմն ի պատասխան նշել է՝ «միջանցքի» մասին նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում որևէ խոսք չկա: Պայմանավորվածությունը ենթադրում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում