Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթարշավը. մերոնք J խմբի միանձնյա առաջատարն են

ՀՀայկարամ Նահապետյան

Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում. հենց այս կարգախոսի հիմքում էր ընկած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Մունդիալ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային 3 հաղթանակները: Նախ՝ ծանրագույն խաղում հաղթանակ Վադուցում, այնուհետև՝ աննկարագրելի խելացի ֆուտբոլ Երևանում՝ Իսլանդիայի հետ ու կրկին 3 միավոր:

Ռումինիայի հետ խաղին մեր ընտրանին մոտեցավ հոգեբանական վերելքով: Կրկին ամբողջ հայ ազգը մեր ընտրանու կողքին էր: Ճիշտ է, երկրպագուների միայն 30 տոկոսը կարող էր ներկա լինել խաղին, սակայն մարզադաշտի տարածքում իրենց բախտին սպասող երկրպագուները կարող էին լցնել մի քանի հանրապետական ստադիոն:

Կապառոսը կրկին ռոտացիայի դիմեց՝ մեկնարկային կազմում նախորդ խաղի համեմատ կատարելով 4 փոփոխություն: Ամենաանսպասելին, թերևս, Կարեն Մուրադյանի դաշտ դուրս գալն էր: Առաջին խաղակեսում, ինչպես իսլանդացիների դեմ խաղում, մեր ընտրանին խաղաց երկրորդ համարով՝ ապավինելով հակագրոհների: Պաշտպանության կենտրոնում կրկին ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց Վարազդատ Հարոյանը: Մեր թիմն առաջին խաղակեսում մեկ 100 տոկոսանոց պահ ունեցավ, երբ Կարապետյանի հարվածից հետո անդրադարձն ու դարպասապահը փրկեցին Ռումինիային:

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց միանգամից երեք փոփոխություն. Ադամյան, հավաքականում նորամուտը նշեց Էդուարդ Սպերցյանն ու ուշադրություն՝ 19-ամյա Ժիրայր Շաղոյան: Երեքն էլ ֆանտաստիկ մտան խաղի մեջ: 19-ամյա Ժիրոն ցայտնոտի մեջ էր գցել ռումինացիների պաշտպաններին, իսկ Սպերցյանը առանց խոչընդոտների անընդհատ ճեղքում էր հյուրերի պաշտպանությունը: Նմանատիպ գործողության արդյունքում Սպերցյանը 56-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն: Չհասցրեցինք վայելել գոլի բերկրանքը, երբ 6 րոպե անց Չիկալդաուն գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Եվս 10 րոպե, ու Ռումինիան արդեն առաջ անցավ հաշվի մեջ. Չիկալդաուն արդեն դուբլ ձևակերպեց: Մեր ընտրանին նետվեց առաջ ու փակեց ռումինացիներին իր իսկ կիսադաշտում: 77-րդ րոպեին Չալըշըրի դեմ կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտի արժանացավ Պուշկաշը: Կարմիր քարտը ստանալուց հետո մրցակիցը փակվեց արդեն սեփական տուգանային հրապարակում: Մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ու հարվածներ: Իրենց որակներն էին ցուցադրում Սպերցյանը, Ադամյանը, Բարսեղյանը, Բայրամյանն ու Շաղոյանը, իսկ դարպասում հրաշքներ էր գործում Ֆլորին Նիցեն:

87-րդ րոպեին Բարսեղյանի հեռվից հարվածը չէր ընթանում, սակայն ամենահաս ավագ Հարոյանը՝ ձգվելով, հասավ գնդակին ու ռմբահարեց դարպասը: Մեր թիմը չբավարարվեց ձեռք բերածով, ու 2 րոպե անց Սպերցյանը 11 մետրանոց վաստակեց, իսկ նշակետից դիպուկ էր Տիգրան Բարսեղյանը:

Հայաստան-Ռումինիա՝ 3:2, կամ երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Խմբի մյուս խաղում Գերմանիան տանն անակնկալ՝ 1:2 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից, ու հիմա մեր ընտրանին 3 տուրից հետո նույնքան հաղթանակով միանձնյա առաջատար է:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում