Տավուշում բացվել է կանաչ գյուղատնտեսության առաջին ուսումնական կենտրոնը

ԳԳայանե Թամամյան

Կանաչ Տավուշը կունենա նաև կանաչ գյուղատնտեսություն: Դա է խոստանում մարզում առաջին ուսուցման կանաչ կենտրոնի բացումը: Ծրագիրը կարճ ժամանակում իրագործվել է Եվրամիության, Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ.

Պասկալ Բոկկերս (ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար) - Նպատակը առաջին հերթին ֆերմերային տնտեսությունների, արտադրողների և ուսանողների շրջանում իրազեկման բարձրացումն է: Մենք փորձում ենք այստեղ ուսուցանել նոր տեխնոլոգիաների, նոր մշակաբույսերի աճեցման մեթոդների մասին: Սա Տավուշի համար կարող է նոր լաբորատորիայի մոդել լինել: Ընդհանուր առմամբ Եվրամիության կողմից ներդրվել է մոտ 10 մլն դրամ:

Դիլիջան խոշորացված համայնքի Հովք գյուղի` միջպետական ճանապարհին հարակից 2 հազար ք.մ. տարածքում կառուցված գրավիչ այս շինությունը շատ շուտով կդառնա մարզի և՛ փորձառու, և՛ սկսնակ ֆերմերների, գյուղոլորտում ներագրավված մարդկանց, խորհրդատվական ծառայությունների, մասնավոր և պետական սկետորի և զբոսաշրջիկների միջև սպասված շփումների յուրատեսակ միջավայր: Կենտրոնին կից նոր տեխնոլոգիաներով ցուցադրական դաշտն էր` նորատունկ ինտենսիվ այգին` հակակարկտային ցանցով, կաթիլային ոռոգման և անձրևաջրերի կուտակման համակարգերով, փոքր ջերատնակներով; Այստեղ կարելի է տեսնել ոչ միայն տեղական, այլև տարաշխարհիկ մեծ պահանջարկ ունեցող մշակաբույսեր և գործնականում սովորել առողջ, որակյալ, մրցունակ, արագ ու առավել շահութաբեր եղանակով գյուղմթերք ստանալու դասը` չվնասելով բնությունը և բնական պաշարները.

Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - Չափազանց կարևոր է կրթական բաղադրիչի ուժեղացումը: Ըստ էության, սա գերազանցության կենտրոն է, որտեղ աշխարհի առաջադեմ փորձը կանաչ գյուղատնտեսության պետք է փոխանցել մեր տնտեսվարողներին:

Սա «Կանաչ արահետ» ՀԿ երկրորդ նման նախաձեռնությունն է, առաջին հաջողված օրինակը Կոտայքի մարզում էր:

Նունե Սարուխանյան («Կանաչ արահետ» ՀԿ նախագահ) - Մտածեցինք՝ ինչու չստեղծել մի կենտրոն, որտեղ ֆերմերներին կարող ենք սովորեցնել հողից շուկա ամբողջ շղթան: Արդեն գալիս են ֆերմերներ, դիմում են խորհրդատվական աջակցություն ստանալու:

Պատասխանատուները վստահեցրին, որ ծրագիրը Տավուշում շարունակություն կունենա, կհիմնվի կանաչ մեթոդներով մշակվող պտուղբանջարեղենի ևս 4 ցուցադրական դաշտ, և դա հաստատեցին ծառատունկով:

Տնկիների բողբոջները բացվելու վրա էին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում