ՏՄՊՊՀ-ի խոստացած ձվի էժանացումը քաղաքացիները դեռ չեն զգացել

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանում ձվի գինը կնվազի. այսօր հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ ավելացնեն հավկիթի խմբաքանակը:

Գեղամ Գևորգյան, ՏՄՊՊՀ նախագահ - Երեկ արժեքը փոքր իջել էր: Այսօրվա ընթացքում պետք է էական իջնի: Եվ ձուն մեծ քանակներով կմտնի նաև շուկա:

Աշխատանքային օրվա ավարտին այցելեցինք երևանյան 3 խոշոր սուպերմարկետ: Դրանցից երկուսում ձու ընդհանրապես չկար, երրորդում էլ գինը չէր փոխվել:

Հանձնաժողովը պատրաստվում է վարույթ իրականցնել, շուկայում առերևույթ խախտումներ են նկատել: Նման դեպք 2020-ին էլ էր գրանցվել, այդ ժամանակ հավկիթ արտադրող 7 խոշոր ընկերության տուգանեցին: Այս պահին պարզ չէ՝ ինչպես կավարտվի վարույթը, բայց այս անգամ հակամոնոպոլ կառույցն անհատների մասին է խոսում, որոնք սուպերմարկետներով շրջում, մեծ քանակի ձու գնում ու արհեստական դեֆիցիտ են ստեղծում:

Գեղամ Գևորգյան - Նկարներ ունենք, երբ մարդիկ արկղերով տանում եմ: Դա քաղաքացի չէ, որը տանում է սպառման համար: Հիմա պետք է հասկանանք:

Գևորգյանը քաղաքացիներին հորդրորում է խուճապի չմատնվել, գնել այնքան ձու, որքան անհրաժեշտ է, այլապես շուկայում նոր տատանումներ կլինեն:

Բացի հավկիթից, վերջին շրջանում նաև բենզինի շուկան է քննարկումների առանցքում: Կորոնավիրուսի սկզբնական ամիսներին՝ նավթի գների զգալի անկման ֆոնին, Հայաստանում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը նվազել և հասել էր 270 դրամի: Վերջին երեք ամսում արդեն գինը հասավ առավելագույնը 430 դրամի:

Գեղամ Գևորգյան - Ինձ համար արդեն ակնհայտ է, որ բենզինի համաշխարհային գների թանկացում կա: Այստեղ ուղղակի համաչափությանն ենք նայելու, արդյոք համաչա՞փ է միջազգային գների թանկացմանը:

2021 թվականի առաջին ամիսներին հայ գործարարները զգալի ծավալների բենզին են ներկրել Իրանից: Բենզինի շուկայում գների տարբերության պատճառներից մեկը կարող է հենց այս հանգամանքը լինել՝ ասում է Գևորգյանը, բայց չի բացառվւմ նաև անբարեխիղճ մրցակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում