ԿԲ-ն իջեցրել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը

Փետրվարի թանկացումների տեմպով գնաճը Հայաստանում տարեվերջին կարող է հասնել 5.5 տոկոսի. ազդում է մի կողմից դոլարի փոխարժեքի, մյուսից՝ միջազգային շուկաներում ձեթ-բրնձի արժեքի բարձրացումը: Այս ամենը հաշվարկող Կենտրոնական բանկում թանկացումները զսպելու մի տարբերակ ունեն՝ փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Մարտի 16-ի նիստում ԿԲ-ն որոշեց վերաֆինանսավորումը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5 տոկոս:

Վերաֆինանսավորումն այս անգամ նույնն են թողել, քանի որ դեկտեմբերից սկսած երկու անգամ այն արդեն բարձարցրել են՝ ընդհանուր 1.25 տոկոսով: Նախ դրա ազդեցությանն են սպասում:

Արմեն Նուրբեկյան, ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն - Մոտավոր, ըստ մեր մոդելների, 1 տոկոս տոկոսադրույքը տարեկան գնաճի վրա, որը պարունակում է թե՛ մեկ շիշ ձեթը, թե՛ այլ ապրանքներ՝ 03-05 տոկոս ազդեցություն է ունենում:

Սպառողի համար գնաճը դանդաղեցնելու հետ վերաֆինանսավորման բարձրացումն ազդում է բիզնեսի վրա, բարձրացնում վարկերի տոկոսադրույքը: ֆինանսիստները դա կոչում են տնտեսական աճի զոհաբերություն: Այս փուլում, Մարտին Գալստյանը պնդում է, նման խնդիր չունենք: Չնայած արդյունաբերական ճյուղում, ծառայություններում ու գյուղոլորտում նվազումներ կան, ինչի պատճառով տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել են:

Մարտին Գալստյան - Եթե նախկինում մեր, գնահատականների համաձայն, տնտեսական աճը 2021 թվականին պետք է լիներ 2 տոկոս, այժմ այն կկազմի 1,4 տոկոս:

Թվերը, չի բացառվում, առաջիկայում էլ վերանայեն: Քանի դեռ դրսի շուկաներում անընդհատ իրավիճակ է փոխվում, ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված՝ արձանագրում է Գալստյանը:

Մարտին Գալստյան - Կարծում ենք, որ գնաճը Հայաստանում դեռ կբարձրանա:

Գնաճային ևս մեկ հարված կարող է բերել գազի հնարավոր թանկացումը: Կապույտ վառելիքի սակագինը ռուսական կողմի հետ ճշտելու նպատակով, հայտնի է, փոխվարչապետը Մոսկվա է գործուղվում:

Մարտին Գալստյան - Գազի գնի փոփոխություն այս տարվա համար մեր սցենարով դեռևս չի նախատեսվում, բայց դրան մենք ապագայում կանդրադառնանք:

Թանկացումների թեմայից դուրս օրվա թիվը. արդեն հայտնի է, թե Արցախյան վերջին պատերազմից հետո բանկերը որքա՞ն վարկ են ներել զոհերի ընտանիքներին:

Մարտին Գալստյան - Շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով:

Գալստյանի գնահատմամբ՝ բանկերի պաշարները թույլ են տալիս ներումների չափն առանց ֆինանսական խնդրի հասցնել 3 մլրդ դրամի: Այդ չափին, ամենայն հավանականությամբ, կհասնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում