Վիրաբույժը՝ Բոստոնից. պատերազմի ժամանակ Մարիան օրական մինչև 10 վիրահատություն է արել

ՔՔրիստինե Ոսկանյան

Պատերազմի օրերին նա առաջիններից էր, որ գործերը մի կողմ թողեց, Բոստոնից Հայաստան եկավ ու միացավ սպիտակ բանակին: Մարիան վիրաբույժ է, Այրվածքաբանության ազգային կենտրոնում զինվորներին էր օգնում:

Մարիա Ազիզյան (ընդհանուր վիրաբույժ) -  Այնքան շատ էր աշխատանքը, մի զինվոր 50 տոկոսից ավելի այրվածքներ ուներ, ոչ թե մի հոգի աշխատում էր զինվորի վրա, այլ՝ 3-4 բժիշկ:

Այն, ինչ պատերազմի օրերին է տեսել, երբեք ոչ մի տեղ չի հանդիպել:

Ֆոսֆորային զենքի վնասվածքներ բուժելու փորձ բժիշկները չունեին. շատ արագ սկսել են քիմիական զենքից առաջացած այրվածքները հետազոտել, նաև արտասահմանցի գործընկերների հետ են խորհրդակցել ու անմիջապես գործի անցել:

Վիրահատարանից վիրակապարան, հետո՝ հիվանդասենյակ: Օրվա ընթացքում միջինը 5-10 վիրահատություն է արել: Սփյուռքահայ բժիշկը զարմացած է գործընկերների գրաֆիկից, աշխատել են 24/7 ռեժիմով: Շատերն անձամբ են ռումբերի տակից դուրս բերել վիրավորներին, հիվանդանոց հասցրել վտանգավոր ճանապարհներով:

Մարիա Ազիզյան - Օր ու գիշեր աշխատում էին նոն ստոպ, նենց օրեր կային՝ տուն չէին գնում:

Վիրավոր զինվորներից շատերին տուն են ուղարկել: Բուժման բարդ շրջանն արդեն անցյալում է: Պակաս կարևոր չէ վերականգնողական փուլը:

Զինվորների ձեռքերի աշխատանքը վերականգնելու համար հիմա եվրոպացի մասնագետների հետ օնլայն թերապիայի կուրս են կազմակերպել: Մարիան պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս, այս անգամ՝ անհրաժեշտ բժշկական նյութերով ու սարքավորումներով: Սա Բոստոնի բժշկական կազմակերպությունների ու տեղի հայ համայնքի աջակցությունն է հիվանդանոցին:

Պատերազմից հետո էլ Մարիան առաքելության մասին չի մոռանում: Օրերս Արցախում էր ու վստահեցնում է, որ այցերը շատ են լինելու: Ասում է՝ զինվորներին լիարժեք ոտքի կանգնեցնելու համար դեռ շատ աշխատանք կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում