Զինվորների համար հագուստ կարող ընկերությունը շուտով նոր մասնաճյուղ կբացի՝ 150 աշխատատեղով

ՀՀերմինե Բաղդասարյան

Սվետլանա Գրիգորյան (Texworld ընկերության աշխատակից) - Դե, սա մեր ձմեռային զինվորական հագուստն է:

Կարում են Իջևանում: Texworld-ի տեղի մասնաճյուղն է. շուտով երրորդ տարին կլրանա, ինչ բացվել են: Վարպետները ամառ-ձմեռ հավաքածուով ապահովում են հայկական զորքը: Արտադրամասի բոլոր մեքենաները սինքրոն աղմկում են, բայց քանի դեռ զինված ուժերի մրցույթը չի հրապարակվել, նախապատրաստական փուլում են՝ ասում է բիզնեսի ղեկավարը:

Բորիս Մեյրոյան (Texworld ընկերության սեփականատեր) - Ունեցանք պատերազմական իրավիճակ, էդտեղ բալանսները ոչ մեկը չի կարող հաշվարկել, բայց մրցույթները հիմա պահեստի և զորակոչի համար են նախատեսվում:

Արտադրանքն առաջիկա ձմեռային զորակոչով բանակ գնացողները կհագնե՞ն, թե՞ պահեստ կգնա՝ չգիտեն: Արտադրողի պարտականությունը խնամքով կարելն է՝ ըստ տեխնիկական բնութագրում սահմանված հատուկ պահանջների: Սրանով զինվորին մրսել չկա՝ պնդում է տիկին Սվետլանան:

Սվետլանա Գրիգորյան - Տակը սինտեպոնով, որ տաք լինի, այստեղ՝ որ փափուկ լինի, մաշկը չքերի, այստեղ՝ կապյուշոն, փակցվում է արյան խումբը: 

Կոմպլեկտում տաբատը նույն ջրակայուն կտորից է, դարձյալ տաք ներդիրով, գոտին լայնացնել-նեղացնելու, ներքևում՝ փողքերը երկարաճիտ կոշիկների մեջ տեղավորելու հնարավորությամբ: Վերնազգեստի վրա մորթե օձիքն արդեն չկա: Ծառայության ժամանակ իր համազգեստն այսքան հարմարավետ չէր՝ անկեղծանում է ընկերության երիտասարդ սեփականատերը:

Ընկերությունը թեպետ արտասահմանյան խոշոր կտոր արտադրողների հայաստանյան ներկայացուցիչ-ներմուծողն է, 2018-ից է կարողացել աշխատել բանակի հետ: Մինչև դա կարում էին ոստիկանների և ուժային այլ կառույցների, նաև՝ մասնագիտացված տարբեր օղակների համար: Փոքր խմբաքանակով նույնիսկ ուկրաինական զորքի համազգեստ են կարել: Ավելի մեծ ծավալով՝ հարևան Վրաստանի 2010 թվականի պատվերն ապահովել:

Հպարտանալու թեման հիմա՝ հայկական բանակին նախորդ սեզոնին իրենց բաժին՝ 20 հազար լրակազմ ձմեռային համազգեստի մատակարարումն է: Մերձավանի ու Իջևանի արտադրամասերին զուգահեռ՝ ընկերությունը մեկ ամսից 150 աշխատատեղով նոր արտադրամաս կբացի Ազատամուտում:

Սահման պահողներին Տավուշում միշտ են հատուկ վերաբերվել: Արցախյան այս պատերազմից հետո զինվորական հագուստ կրող որդու, եղբոր, ամուսնու՝ բոլորի նկատմամբ հոգատարությունը բազմապատկվել է: Կարող կանանց խոսքերն են:

Սիրանույշ Գյոզալյան (Texworld ընկերության աշխատակից) - Ամեն կարը դնելուց մաղթում ենք, որ առողջ վերադառնան: 

Նարինե Մովսիսյան (Texworld ընկերության աշխատակից) - Իմ էրեխեն հագնի, թե մյուս զինվորները հագնեն՝ մեծ սիրով ենք կարում:

Նարինեի տղան՝ Գոռը, նույնպես զինվոր է, ծառայում է Խնձորեսկում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում