Երևանի 2021-ի բյուջեն ու երևանցիների թթու վարունգը

ՀՀերմինե Բաղդասարյան

Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Սա ազգային ողբերգություն է, որը մենք այս պահին ապրում ենք:

Մարությանն Արցախյան պատերազմը նկատի ունի: Հայտարարեց. քաղաքապետարանը նախորդ 6 ամսում պարգևավճար չի տրամադրել և կուտակած ամբողջ գումարն այժմ ուղղելու է ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամ դարձած երևանցիների կենցաղային հոգսը թեթևացնելուն:

Հայկ Մարության - Մենք հասցե առ հասցե գնալու ենք՝ էդ խնայած գումարներով մենք բոլոր շենքերում կտեղադրենք վերելակներ, կկահավորենք մուտքերը:

Թեման բացվեց՝ պարգևավճարների մասին ավագանու անդամներից մեկի հարցից: Մյուսը փորձեց ճշտել:

Արման Անտոնյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Նախատեսվո՞ւմ է, արդյոք, 13-րդ աշխատավարձ:

Դա նույն պարգևավճարն է, որն այս տարի չի լինի՝ հնչեց պատասխանը: Հաջորդ տարվա խրախուսման ֆոնդն էլ, պարզվեց, պակասեցրել են:

Սերգեյ Ներսեսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - 2021 թվականին 1 մլրդ 23 մլն դրամ նախորդ տարվանից մոտ 49 տոկոսով պակաս:

300 մլն դրամով Երևանն ավելացրել է սոցիալական բյուջեն, որ աջակցի Քովիդից և պատերազմից տուժած բնակչությանը: Օդային տագնապի ռիսկը ցույց տվեց, որ մարդկանց համար մայրաքաղաքում պետք է թաքստոց-ապաստարանի խնդիր լուծել. 2021-ի բյուջեում ինչու նկուղները մաքրելու գումար չի առանձնացվել՝ դժգոհեց ավագանին:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Բազմաբնակարան շենք ունենք, և ոչ բոլորն ունեն նկուղ:

Առանց հատուկ գումարի՝ հոկտեմբերին նկուղներից 140 կամազ աղբ են հանել, բայց շատ շենքեր կան, որտեղ առաջին հարկերը սեփականաշնորհված խանութ են, սրճարան: Որոշներն էլ բնակիչներն են իրար մեջ բաժանել, բանալի դրել: Քաղաքապետարանը չի կարող նույնիսկ ոստիկանության միջոցով դրանք դատարկել՝ իրավիճակը ներկայացրեց Հայկ Մարությանը:

Հայկ Մարության - էդ մարդիկ գրավել են, իրանց ապրանքն են լցրել էդ կոմպոտներն ու թթու վարունգները: Ասում են՝ երբ պետք լինի՝ կբացենք: Չի պատկերացնում, որ պետք եղավ՝ չի հասցնելու:

Եկող տարվա բյուջեի ծախսերից՝ ավագանին նախ հետաքրքվեց թափառող կենդանիների ու քաղաքի կանաչապատման բաժին գումարներով: Հրազդանի կիրճը՝ Գետառը մաքրելու քննարկումից հասան կառուցվող ճանապարհների շահագործմանը:

Հրաչյա Սարգսյան - 21 թվականին մենք Աշտարակ-Բաբաջանյան և կումուրջը կհանձնենք, ամբողջն իրենց ճանապարհներով:

Երևանցիներին մտահոգող վերելակների փոխարինման մասին՝ քաղաքապետը զեկուցեց. աշխատանքները կատարող ընկերությունը մինչև Ամանոր բնակիչներին կհանձնի 475 նոր վերելակ: Եվս 25-ը՝ մինչև հունվարի կեսը: Մրցույթը պատրաստ է թարմացվող հաջորդ 100 սարքի համար:

Հայկ Մարության - Գուցե 100 վերալակը դառնա 200: Բայց այս շաբաթ մրցույթը դրվում է:

Քննարկման ամփոփիչ ելույթներում նորից անդրադարձ եղավ պարգևավճարին: Առաջարկ հնչեց՝ քաղաքապետարանի ցածր աշխատավարձերը կոմպենսացնող այդ լրավճարն ավելացնել և բարձրացնել մարդկանց վարձատրության չափը: 

Հայկ Մարության - Անկախ նրանից՝ ինչ կորոշվի՝ ես հրաժարվում եմ իմ աշխատավարձի բարձրացումից, դա կգնա  բարեգործության:

Մոտ 2 ժամ տևած քննարկման ավարտին ավագանին քվեարկեց-ընդունեց Երևանի 2021 թվականի բյուջեն՝ 92 մլրդ դրամ եկամտով ու մոտ 101 մլրդ ծախսով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում