ՌՌոզա Խաչատրյան

Սպասելիքները շատ էին. Գևորգ Ալեքսանյանը՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արդյունքների մասին

Սպասելիքները շատ էին. Գևորգ Ալեքսանյանը՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արդյունքների մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչներ Գևորգ Ալեքսանյանն ու Սամվել Գևորգյանը այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփել են Աշխարհի գավաթի անհատական խաղարկության արդյունքները: Սերբիայում տեղի ունեցած խաղարկությունից հավաքականը վերադարձել է երկու մեդալով. 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը՝ արծաթ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ նախապատրաստական փուլը նախագծածով չի անցել: Հավաքականը չի կարողացել մասնակցել միջազգային մրցաշարի, որը պետք է այս մրցման համար նախապատրաստական փուլ հանդիսանար:

«Արտերկրի հավաքը չկարողացանք անցկացնել, որը շատ կարևոր էր այս մրցմանը նախապատրաստվելու համար: Երկրից չկարողացանք դուրս գալ: Կարողացանք ընդամենը պատրաստվել, ինչպես ասում են, մեր ձեռքի տակ ինչ կար. էդպես պատրաստվեցինք»,- նշեց Ալեքսանյանը՝ մանրամասն անդրադառնալով բոլոր քաշային կարգերում մեր երկիրը ներկայացնող ըմբիշներին:

55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Ռուդիկ Մկրտչյանն է, բայց մարզչի խոսքով՝ չի կարողացել ամբողջությամբ մտնել հունի մեջ: 60 կգ քաշային կարգում մասնակցել է Արմեն Մելիքյանը, որի գոտեմարտերը ևս մարզչական խորհրդին չի գոհացրել՝ նշեց Ալեքսանյանը:

63 կգ քաշային կարգում մասնակցել է եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը, որը քաշը հատուկ այս խաղարկության համար փոխել էր՝ 60-ից դառնալով 63 կգ, բայց նախապատրաստական փուլում Քովիդ-19-ով վարակվելուց ու ապաքինվելուց հետո է մասնակցել Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը:

Սպասելիքները շատ էին նաև 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանից, որը 2019-ին 63 կգ քաշային կարգում Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր դարձավ: Այս անգամ ըմբիշին նույնպես հաջողվել է բրոնզե մեդալ բերել հայրենիք:

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Մալխաս Ամոյանը, որը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում հունգարացի ըմբիշին:

«Երբ պասիվության համար հունգարացուն պարտեր նստեցրին, Մալխասը բարձրացրեց, բայց այստեղ երիտասարդությունն էր, թե շտապողականությունը, որ իրեն խանգարեց կատարել այդ հնարքը լիարժեք ու միավոր վաստակի, կիսատ թողեց: 1-1 հաշվով, երբ 1 րոպե 46 վայրկյան կար գոտեմարտը վարելու, նա ամեն ինչ արեց, բայց մրցավարները չգնահատեցին: Պետք է պասիվություն տրվեր հունգարացի ըմբիշին ու մեկ միավոր՝ Մալխասին»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը՝ հավելելով՝ գոհ են Մալխասի մարտերից, հետագայում ոսկե մեդալները սպասել չեն տա:

77 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրել է Կարապետ Չալյանը, որն արդեն ունի 2021-ին Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերի վարկանիշ: Մարզիչը կրկին մրցավարական կողմնապահություն ու խնդիրներ է նկատել Չալյանի գոտեմարտերի ընթացքում. «Մրցավարական կողմնապահության հաշվին մենք երրորդ տեղի համար գոտեմարտն էլ տանուլ տվեցինք, և Կարապետը բավարարվեց 5-րդ տեղով»:

82 կգ քաշային կարգում մասնակցել է Հայաստանի չեմպիոն Ռուբեն Ղարիբյանը, որի մասնակցությունից մարզիչները գոհ չեն, պնդում են՝ նա ավելին է կարող: 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած փորձառու ըմբիշ Արթուր Շահինյանից նույնպես ավելի լավ արդյունք էին սպասում:

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնը՝ Արթուր Ալեքսանյանը, «Ճերմակ արջը», մրցումներից առաջ հարբուխ է ունեցել, Հայաստանում և Սերբիայում Քովիդ-19-ի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, բայց ըմբիշի մոտ թուլություն է նկատվել:

«Բայց քանի որ հասել էինք այնտեղ, իր որոշումն այն էր, որ պետք է գոտեմարտի: Ռուս ըմբիշի հետ գոտեմարտի ժամանակ չորեքթաթ վիճակից շարժվելով՝ պաշտպանության ժամանակ մրցավարները մեզ պատժեցին, եթե մեր հակառակորդներն այդպես շարժվեին, կհամարվեր նորմալ: Հետո նորից կրկնեցին այդ չորեքթաթ վիճակը, հետո ամեն ինչ խառնվեց իրար: Գոտեմարտն ավարտվեց 5-1 հաշվով, մեր ըմբիշն էլ չշարունակեց, քանի որ գոտեամարտից հետո տեսանք, որ իր հնարավորությունները լիարժեք օգտագործել չի կարողանում, այդ իրավիճակում մրցաշարը շարունակելն անիմաստ էր: Որոշում կայացրինք բժշկի թղթով դուրս հանել»,- նշեց ըմբիշի հայրը:

Ծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է հավաքականի լավագույն մարզիկ Դավիթ Հովասափյանը՝ ասում է մարզիչն ու հավելում՝ Դավիթի գոտեմարտերից մարզչական խորհուրդը գոհ է: Երիտասարդ ըմբիշը հասել է մինչև կիսաեզրափակիչ ու պարտվել ռուս ըմբիշին: Երրորդ տեղում ուկրաինացի ըմբիշի հետ գոտեմարտում հաղթանակն էլ ձեռքից բաց է թողել վերջին 3 վայրկյանների ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում