Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. ՀՀ վարչապետ

ԱԱրման Գալոյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա հայտարարության մեջ:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»,- ասաց Փաշինյանը:

Կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ:

«Բայց կրկին ուզում եմ ընդգծել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի: ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով:

«Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, որոնց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Մի օրինակ կարող եմ բերել՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ»,- ներկայացրեց նա:

«Հայաստանի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, որը պետք է կառավարել սառնասիրտ՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչն էլ անում ենք»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում