1700 բնակիչ ունեցող Բերձորը պատերազմի ժամանակ թշնամու հարձակման քիչ է ենթարկվել: Հայկական բանակը մի քանի անգամ ջախջախել է ադրբեջանա-թուրքական զինված ուժերին: Պատերազմից հետո այստեղ կանգնած են ռուս խաղաղապահները և մեր զինծառայողները: Բերձորի քաղաքապետն ասում է՝ բնակիչներն էլ աստիճանաբար սկսել են վերադառնալ իրենց տներ:
Բերձորում են տեղավորվում նաև հարակից գյուղերի բնակիչները: Թշնամու գրաված Ծաղկաբերդից այս կինը վերջիններից մեկն է հասցրել դուրս գալ: Ծաղկաբերդում են մնացել ընտանիքին պատկանող երկու տները, ընտանի կենդանիներ, տրակտոր, կենցաղային բոլոր իրերը: Ժամանակավոր ապրում են Բերձորում, մինչև հասկանան՝ ապագան ինչպես է լինելու:
Ունեցվածքից զրկված արցախցիներին տեղավորելուն զուգընթաց, Բերձորում աստիճանաբար վերականգնում են վնասված ենթակառուցվածքները: Կան էլեկտրականություն, գազ, ջուր: Անհասանելի է մնում միայն ինտերնետը: Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ գյուղատնտեսությունը շատ չի տուժի Քաշաթաղի շրջանը հանձնելուց հետո: Նախ՝ քաղաքի բնակիչներն են քիչ, ապա նաև Բերձորին պատկանող մշակվող հողերի ու արոտավայրերի մեծ մասը մնում է Արցախին:
Դեկտեմբերի 1-ին Բերձորը երկու կողմից շրջափակված կլինի ադրբեջանական զորքով: Չի՞ անհանգստացնում դա բերձորցիներին:
Արցախը Հայաստանին կապող արդեն միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին անցնում է Բերձորի միջով: Քաղաքում և մերձակայքում տեղակայված են ռուս խաղաղապահներ՝ թշնամու հնարավոր սադրանքները բացառելու համար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան













