ՄՄերի Ներսիսյան

Խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում

Խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են. շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածք և Լաչինի միջանցք ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը: Ռուսաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավարը նոր մանրամասներ է ներկայացրել:

ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ - Ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ զորակազմը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից: Գրեթե բոլոր զինվորականները փորձ ունեն Սիրիայի հումանիտար գործողություններին աջակցելու և պաշտպանելու առաջադրանքները կատարելու գործում:

Գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը ներկայացրել է նաև, որ խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ռուդսկոյն ասել է նաև, որ երեկ առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:

Սերգեյ Ռուդսկոյ - Օրվա ընթացքում 27 թռիչք է իրականացվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր: Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կապող օղակ է ստեղծել գերատեսչությունների միջև, ինչը հնարավորություն է տվել արագ կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:

Ռուդսկոյը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:

Սերգեյ Ռուդսկոյ - Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական գործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: Ստեղծվել են ուղիղ կապուղիներ:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը մարտական տեղում հրամանատարական խումբ է տեղակայել, որը իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում