2021 թ. ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

ՆՆարե Ոսկանյան

2021 թվականից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Սերբիայի հետ ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր մինչ այժմ ունեցել է ԵԱՏՄ անդամ երեք երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները: Ըստ նրա՝ բազմակողմ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա միանալու արտոնյալ ռեժիմին, ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Սերբիայի տնտեսական տարածքում։

Նախարարի խոսքով՝ կարևոր է այդ ամենի արդյունքում որոշակի քվոտային կարգավորումների առումով հնարավորությունը: «Առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորվել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտի արտադրանքի արտահանման պայմաններ»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ հաջորդ տարի ուժի մեջ կմտնեն նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին համաձայնագիրը:

Նախարարը նշեց, որ ապրանքատեսակների համար նախատեսվում է մաքսատուրքերի 0 տոկոս դրույքաչափի կիրառում, իսկ Սինգապուրը համաձայնագրով պարտավորություն է ստանձնել չկիրառել մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող ապրանքներ իր երկրի տնտեսական տարածք ներմուծելու դեպքում:

Խաչատրյանը ասաց, որ 2021 թ. կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի:

«Կան մի շարք երկրներ, որոնց հետ բանակցությունները կունենան տարվա աշխատանքային պլանով նախատեսված ընթացք և շոշափելի առաջընթաց։ Դրանք են՝ Հնդկաստանը, Մոնղոլիան, Կորեայի Հանրապետությունը, Ինդոնեզիան, Ալժիրը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասաց նախարարը:

«Մենք եկող տարվա ընթացքում արդեն կունենանք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ապրանքների տեղաշարժի նոր ռեժիմ։ Դա նավիգացիոն կապարակնիքների առկայության պարագայում ապրանքների սահմանային հատումների ավելի պարզեցված տեղաշարժն է: Դա թույլ կտա, որ մեր առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Լարսի անցակետում մեր ապրանքները դեպի ԵԱՏՄ տարածք տեղաշարժվեն ավելի արագ՝ առանց մաքսային հսկողության ներկայումս կիրառվող որոշակի գործառույթների ենթարկվելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Իրանի հետ էլ նախատեսում են 2021 թ. սկսել աշխատանքներ՝ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում