Այսօր Արցախի փրկարարների՝ թիկունքի զինվորների օրն է

Օրը տոնական է, տրամադրությունը՝ մարտական: Արցախում այսօր Փրկարարի օրն է: Պատերազմը չխանգարեր՝ մեծ շուքով կնշեին, բայց այսօր մասնագիտական տոնը կնշեն արտակարգ պայմաններում:

Մեխակ Արզումանյան (Արցախի ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության պետ) - Սեպտեմբերի 27-ից առ այսօր փրկարար ծառայության ողջ անձնակազմն աշխատում է ուժեղացված ռեժիմով, և այսօր էլ գտնվում ենք ուժեղացված ռեժիմում՝ կազմ-պատրաստ, որպեսզի կատարենք մեր առջև դրած բոլոր խնդիրները:

Թիկունքի հերոսներն ամեն օր, վտանգելով իրենց կյանքը, հրթիռակոծությունից րոպեներ անց դեպքի վայրում են: Գործում են հստակ ու արագ: Պատերազմի ժամանակ էլ է խրախուսանքը պարտադիր: Արցախի նախագահը շնորհավորել է փրկարարներին, շնորհել կոչումներ ու մեդալներ: Հետմահու մեդալների են արժանացել նաև մասնագիտական պարտքը կատարելիս զոհված երկու փրկարարները:

Օրվա տոնական մասը կարճ է տևում՝ ուժեղացված ծառայությունը սպասում է, նրանք պատերազմի առաջին օրվանից են կորցրել ժամի ու ժամանակի զգացողությունը:

Փրկարարներն առաջիններից են, որոնք գործ են ունենում թշնամու կասետային զենքերի չպայթած ռումբերի հետ: Վերջին մեկ ամսվա ընթացքում գտել և ոչնչացրել են ավելի քան 8000 նման ռումբ: Մեծ մասը Ստեփանակերտում են գտել:

Մեխակ Արզումանյան - Հակառակորդը օգտագործում է բոլոր կոնվենցիաներով արգելված զենք-զինամթերք, այդ զենք-զինամթերքը օգտագործվեց ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև հանրապետության գրեթե ողջ տարածքում: Մեր ծառայակիցներն այս պահին այդ ծառայությունն իրականացնում են ահազանգերի միջոցով.... Օր ու գիշեր հայտնաբերում և ոչնչացնում ենք նման զենք-զինամթերքը:

Նրանց կռիվը թիկունքում է՝ ոչ պակաս վտանգավոր: Փրկարարները շարունակում են մարդասիրական առաքելությունը՝ աշխատանքն ապրելակերպ դարձրած: Համազգեստը կրելիս ամեն անգամ մտածում են՝ թող ոչ ոք այսօր մեր աշխատանքի կարիքը չունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում