Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ թշնամու թիրախում

ՇՇողիկ Գալստյան

Թշնամու թիրախում հայտնվեց նաև Շուշիի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Հոկտեմբերի 8-ի օրվա առաջին կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել և վնասել են եկեղեցու գմբեթը: Հայկական կողմի արձագանքը չուշացավ:

«Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»: Ֆեյսբուքում գրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոստանալով՝ կվերականգնենք:

Ադրբեջանական իշխանություններն այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինությունները թիրախավորելուց, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները՝ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Շուշիի կենտրոնում գտնվող եկեղեցու թիրախավորումից 2-3 ժամ չանցած թշնամին երկրորդ հարվածը հասցրեց: Այս անգամ տուժեցին նաև ռուս լրագրողներ: Նրանցից մեկին վիրահատել են, վիճակը ծանր:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին օդային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային էությունը։ Հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ շարունակելով՝ այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Եկեղեցու հրետակոծումը դատապարտեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որակելով կատարվածը ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում: Մայր Աթոռը կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետներին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում