Մեր զորքերը կարողացել են հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով 200-ից ավելի զոհ

ՎՎահե Դավթյան

Արցախի բնակավայրերը Ադրբեջանը մասսայական հրթիռակոծել է ամբողջ օրը: Միջազգային լրատվամիջոցները, վտանգելով իրենց կյանքը, փաստերով աշխարհին են ներկայացնում  իրականությունը: ՊԲ-ի գործողությունները եղել են դիպուկ՝ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները:

Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Հակառակորդը հարավային ուղղությամբ նորից ձեռնարկել է հարձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր և տեխնիկա: Հակառակորդի բոլոր փորձերը եղել են անարդյունք: Մեր ստորաբաժանումները, հրամանատարների գրագետ մարտավարությամբ հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով մեծ կորուստներ:

Արծրուն Հովհաննիսյան - Մոտավորապես 200 զոհ են տվել հարավային ուղղությամբ, միայն հարավային ուղղությամբ: Մարտերը թեժ են եղել, բայց մեր կողմից եղել է գրագետ խուսավարում:

Խաղաղ բնակչությունը՝ Ադրբեջանի թիրախում

Ցավոք, ունենք խաղաղ բնակչության կորուստներ, վիրավորներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը եղել է թիրախավորված: Անմարդկային քայլերը ուղիղ կապ ունեն կյանքի իրավունքի հետ: Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ պետք է ցույց տալ Ադրբեջանի քաղաքականության նենգ բնույթը: Ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը, ահաբեկչությամբ քաղաքացիների վրա հարձակվելը:

Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) -  Առաջին օրից սկսած թիրախավորվում են խաղաղ բնակչությունը, բնակավայրերը, սրա մասին են վկայում ծանր հետևանքները, որ առաջացել են: ԱԹՍ-երը, որ օգտագործում է հակառակորդը, հենց խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար են: Ըստ ՄԻՊ-ի ուսումնասիրությունների՝ դրանք իրականացվել են հիմնականում գիշերային ժամերին, երբ մարդիկ տանն են, քնած: Սեպտեմբերի 27-ից սկսած հակառակորդը կիրառում է արգելված «Լորա» և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռներ: Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներ են:

Արման Թաթոյան - Հարցը նրանում է, որ կասետային զինատեսակներով հնարավոր չէ տարբերակել խաղաղ բնակիչներին զինվորական խմբերից: Օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխատեսել հարվածը զինվորական օբյեկտին: Դրանք լայն կիրառվում են Արցախում:

Փաստերը կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներին: Արգելված զինատեսակներով թիրախավորում են հիմնականում խիտ բնակեցված քաղաքները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բանաձևով արգելվում է վարձկանների օգտագործումը այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով: Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում