Սևան-Մարտունի Գետափ միջպետական ճանապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման և հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներ, որոշ հատվածներում ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման և ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, ևս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում և իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթևեկության նշաններով և գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան:
Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով:










