Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում բնապահպանության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ. վարչապետ

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում բնապահպանության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: 

Վարչապետը շնորհավորել է պարոն Պետրոսյանին պաշտոնամուտի առթիվ և շնորհակալություն հայտնել Էրիկ Գրիգորյանին՝ բնապահպանության, ապա՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում գործունեության համար: Կառավարության ղեկավարը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, և նա հետագա գործունեության մեջ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը  շնորհակալություն է հայտնել նաև Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: 

«Պարոն Պետրոսյանն այստեղ տեղափոխվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից, և պետք է արձանագրենք, որ այդ կարգավիճակում նա բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել: Եվ հույս և համոզմունք պետք է հայտնենք, որ նույնքան կամ ավելի արդյունավետ կլինի այդ գործունեությունը շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում: 

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում այժմ բնապահպանության կամ բնության նկատմամբ կան հաճախ ծայրահեղ մոտեցումներ: Մի դեպքում՝ մենք հանդիպում ենք բնության պաշտամունքի երևույթներին, մյուս դեպքում հանդիպում ենք բնության կատարյալ արհամարհանքի երևույթի: Եվ մեր խնդիրն է՝ ընդհանրապես գտնել այն բալանսավորված ճիշտ մոտեցումը, որը կբալանսավորի կամ կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը կա քաղաքակրթության և բնության միջև: Պետք է ցավով արձանագրենք, որ քաղաքակրթությունն ինքը հակաբնապահպանական երևույթ է, որովհետև քաղաքակրթության ցանկացած դրսևորում ինչ-որ մի բան վերցրել է բնությունից, և շատ բաներ արդեն բնությունից վերցված են անվերադարձ: Բայց մյուս կողմից՝ այսօր արդեն դա նաև լուրջ մարտահրավերներ է բերում նաև քաղաքակրթությանը: Եվ մենք պետք է գտնենք համակեցության ճիշտ ձևը, ճիշտ ճանապարհը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն՝ գործադիրը Հայաստանը պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսվում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարդակով: «Ե՛վ մեր կենցաղը, և՛ մեր արդյունաբերությունը, և՛ մեր հանքարդյունաբերությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել այն չափանիշներին, որի մասին ես խոսում եմ, որը կլինի բալանսավորված: Որովհետև ասել, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք, օրինակ՝ բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ: Բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև՝ մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է ոլորտում առկա լուրջ խնդիրների փաստը՝ սկսած Հայաստանում անկառավարելի աղբի ծավալներից՝ շարունակած Սևանա Լճի խնդրով: «Շատ հաճախ ի՞նչն է զարմացնում, որ մենք երկար տարիների ընթացքում խնդիրն ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ: Երբ այդ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ ո՞նց սա այսպես եղավ, ո՞ւր է նայում շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարն ու փոխնախարարը նախորդ շաբաթ ինչո՞վ էին զբաղված, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ նույնիսկ ամենավատ նախարարի կամ փոխնախարարի կամ ամենավատ կառավարության գործունեության պարագայում նման բաներ չեն կարող տեղի ունենալ մի շաբաթում, նույնիսկ մի ամսում, նույնիսկ մի տարում և նույնիսկ՝ տասը տարում: Դա մեր երկար գործունեության արդյունքն է՝ ամեն օր մեր կենցաղավարման՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսվարման ձևերից, նրանից, թե մենք Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում ու ինչ տրամաբանությամբ: Սևանի ափով այսօր քայլելիս  ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ: Հենց այսօր: Ենթադրենք՝ Սևանը չի կանաչել՝ մաքուր, թափանցիկ, երկնագույն է: Բայց այն, ինչ Սևանա լճի շուրջը կատարվում է, դա այլ կերպ, քան բնապահպանական աղետ, հնարավոր չէ նկարագրել»,- նշել է վարչապետը: 

Խոսելով վերջին տարիներին ոլորտում արձանագրված արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանի ղեկավարության ընթացքում, օրինակ՝ Հայաստանում որսագողության ծավալներն էականորեն կրճատվել են: Նաև Կառավարության ղեկավարը կարևորել է անտառների պահպանության առումով լուրջ և շոշափելի հաջողությունների փաստը: «Ճիշտ է, ես ասացի, որ բնապահպանական խնդիրները երկար տարիների ընթացքում են ձևավորվում, բայց կարելի է ասել, որ նաև բնությունն իր նկատմամբ հոգատար քայլերին շատ արագ է արձագանքում: Սա էլ է հետաքրքիր երևույթ: Այսինքն՝ այստեղ արդյունքները կարելի է տեսնել բավականին արագ, և պետք է արձանագրել, որ մենք վերջին տարիներին տեսել ենք այդպիսի արդյունքներ և այդ արդյունքներով, իհարկե, բոլորս ուրախանում ենք, որովհետև դա կարևոր է: Շրջակա միջավայրի վիճակը կարևոր է նաև Հայաստանի քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական իմիջի տեսանկյունից: Այսինքն՝ սա ընդամենը միակողմանի հարց չէ: Այո, սա ռազմավարական ուղղություն է, և այստեղ մենք պետք է կարողանանք հասնել էական հաջողությունների»,- ընդգծել է վարչապետը:

Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և շնորհավորել Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախկին նախարարը նշել է, որ պարոն Պետրոսյանի  հաջողությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաջողությունն է, որովհետև առողջ շրջակա միջավայրը Հայաստանի և գլոբալ բոլոր քաղաքացիների իրավունքն է: «Պարոն վարչապետ, վերջին երկու տարվա ընթացքում տարբեր միջազգային կառույցներից և մասնավոր ոլորտից ներգրավել ենք լավագույն մասնագետներին, և այսօր նախարարությունում բավական բարձրակարգ մասնագետներ են հավաքված: Ինչպես նշեցիք՝ էական փոփոխություններ կար անտառների, ՀԷԿ-երի ոլորտներում: Վերջինս ընդհանրապես վերահսկողությունից դուրս էր, սակայն այս պահին մեծ մասամբ վերահսկողության տարածքում է: Նաև առաջին անգամ պետությունը կառավարության ջանքերով սկսեց ռեսուրսներ ներդնել անտառների վերականգնման աշխատանքների մեջ: Անցյալ տարի կես միլիոն ծառ է տնկվել, այս տարի միայն մեկ հակաճգնաժամային ծրագրով 2 միլիոն ուռենիներ տնկվեցին, տարվա ընթացքում շատ ավելի կտնկվի, բայց այն մեծ գաղափարը, որ մենք ունենք՝ կանաչ Հայաստան դարձնելու, այսինքն՝ անտառային տարածքների ավելացման, հնարավորություն է տալու ոչ միայն բնապահպանական խնդիրներ լուծել, այլև տնտեսական ու սոցիալական, քանի որ բազմաթիվ մեր քաղաքացիներ ներգրավված են լինելու այդ աշխատանքներում»,- նշել է Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև ջրօգտագործման ոլորտում ևս: Նախկին նախարարը նշել է, որ իր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով միշտ կանգնած է լինելու կառավարության կողքին և փորձելու է օգտակար լինել բոլոր այն դեպքերում, երբ դրա կարիքը կլինի: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ է ծառայել իր քաղաքացիներին, իր երկրին և իր լուման բերել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ավելի արժանապատիվ և ավելի լավ միջավայրում տեսնի»,- նշել է նախկին նախարարը: 

Արձագանքելով՝ վարչապետը ցավով է նշել, որ կորոնավիրուսի պատճառով կառավարությունն այս տարի չի կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու նախագիծը: «Բայց  մենք անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Մենք հիմա ավարտին ենք հասցնում մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ ձևակերպել ենք մինչև 2050 թ. Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը որպես ռազմավարական խնդիր»,- ասել է վարչապետը:

Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված,  պաշտպանված, գիտելիքահենք կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում: 

«Հետհեղափոխական Հայաստանում՝ ժողովրդավարական երկրում, այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, բացառապես կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, ինչն ուղղակիորեն ազդում է նաև կյանքի որակի վրա: Մենք պետք է հայտարարենք մեր մեկնարկային կետը և համատեղ ջանքերով օր առաջ Հայաստանում ավելի լավ կյանքի որակ ունենալու մղումն իրականացնենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի քաղաքացու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում