ՄՄերի Եգորյան

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ն արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտուղարության հրապարակած COVID-19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկը, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում:

ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ COVID-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց:

ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով՝ նման բռնաճնշումները, ցավոք, սովորական են հետխորհդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար:

Իր հերթին, Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև «Վաշինգտոն Փոստ» պարբերականի խմբագրականը «Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը» վերնագրով: Պարբերականը նշում է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:

«Այժմ համավարակի, նավթի գների անկման և հակառակորդ Հայաստանի հետ լարվածության աճի պայմաններում պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների, քաղաքական ընդդիմության հինգերորդ շարասյունը և սկսել վերջիններիս նետել բանտեր»,- գրում է պարբերականը:

Ալիևը որպես առիթ օգտագործում է Հայաստանի հետ բախումների օրերին Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը՝ ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու համար:

Արդյուքում, ըստ «Վաշինգտոն Փոստի», բերման է ենթարկվել մոտ 120 ընդդիմախոս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում