ՌՌոզա Խաչատրյան

Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը. Մնացականյան

Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը. Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական The Jerusalem Post-ին ու ասել, որ վերջին տարիներին հայ-իսրայելական հարաբերությունները բարելավվել են, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակում է մնալ չլուծված խնդիր երկու երկրների միջև:

Պարբերականը գրել է, որ Ադրբեջանը Իսրայելի մերձավոր դաշնակիցներից է, մատակարարում է Իսրայելի նավթային կարիքների մոտ 40%-ը և իսրայելական զենքի վաղեմի հաճախորդ է՝ անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և այլ առաջադեմ զենքի համակարգեր գնելով: 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտեց, որ իր երկիրը տարիների ընթացքում 5 միլիարդ դոլար արժողությամբ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել Իսրայելից զենք և անվտանգության սարքավորումներ գնելու համար:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է ամենահաճախ քննարկվող խնդրին: Ադրբեջանին վաճառված իսրայելական զենքին, որն օգտագործվում է հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար: ԱԳ նախարարը նշել է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի այդ երկրին զենք վաճառելը:

«Ադրբեջանին զենքի վաճառքը ճակատագրական է, քանի որ Ադրբեջանը երբեք չի հապաղում այդ զենքն օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ: Մենք հետևողականորեն զբաղվելու ենք այս խնդրով, այն միշտ կլինի մեր օրակարգի բաղկացուցիչ մասը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ այս մահաբեր բիզնեսը»,- նշել է արտգործնախարարը:

Հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի կողմից հաջողությամբ խոցված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մասին հարց ևս եղել է, որին ի պատասխան Մնացականյանն ասել է, որ Հայաստանը գործել է ընդդեմ Ադրբեջանի՝ առանց հաշվի առնելու՝ որտեղից են զենքերը:

«Մեզ համար դրանք մահաբեր են, քանի որ սպանում են մեր բնակչությանը: Մեր զինված ուժերը չեզոքացրել են ադրբեջանական զենքերը՝ անկախ դրանց հնարավոր ծագումից: Ադրբեջանի ստացած զենքի և այդ զենքը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակչության դեմ կիրառելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, և հուլիսյան իրադարձությունները ևս լրացուցիչ ապացույց են»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում