ՌՌոզա Խաչատրյան

Սփյուռքն այս օրերին ցույց տվեց՝ մենք մեկ ամբողջություն ենք, ընտանիք, ոգի և մեկ ինքնություն. վարչապետ

Սփյուռքն այս օրերին ցույց տվեց՝ մենք մեկ ամբողջություն ենք, ընտանիք, ոգի և մեկ ինքնություն. վարչապետ

Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ գերժամանակակիկից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է՝ Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը: Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար:

Փաշինյանը նշեց, որ հուլիսյան մարտական գործողություններից պետք է անել հետևյալ արձանագրումները.

  • «Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և այն դիրքերը, որոնք վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ են դարձել, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներն իր դեմ ագրեսիայի վերաբերյալ պարզապես անհեթեթ են:
  • Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
  • Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում:
  • Ադրբեջանական միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և, հետևաբար, Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեց:
  • Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, և հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ՝ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը, այլ նախևառաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը: Հիմա կարող ենք վստահ ասել, որ հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ ու ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեց: Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից հետո բխող հետևություն: Մեր բանակը, ինչպես եղել, այդպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր կարգավիճակը:
  • Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ վստահություն ու աջակցություն իր լեգիտիմ Կառավարությանն ու զինված ուժերին:
  • Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին օգնելու իրենց նվիրումը, խոհեմությունն ու սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,- նշեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում