ԱԱրման Գալոյան

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 6

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 6

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:

6. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 

6.1 Ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը և իրավունքի գերակայությունը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից են: Իրավական պետության կայացումը, իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սոցիալական արդարության ապահովումը, պետական ինստիտուտների նկատմամբ հասարա¬կության վստահության բարձր մակարդակը մեզ համար կայունության և զարգացման երաշխիքներ են: 

6.2 Անկախ և արդյունավետ դատական համակարգի կայացումը ռազմավարական նշանակություն ունի արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման համար: Հայաստանը շարունակելու է դատաիրավական բարեփոխումները ինչպես դատարանների, այնպես էլ դատախազական և քննչական մարմինների գործունեության ոլորտներում: Մենք նպատակադրվել ենք ապահովել դատական իշխանության անկախությունը և արդյունավետությունը, դատավորների բարեվարքությունը և հանրային հաշվետվողականությունը: Սա կօգնի նաև հանրային վստահություն հաստատել դատական իշխանության նկատմամբ: 

6.3 Մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է: Մենք հետամուտ ենք Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանությանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի լիարժեք ինտեգրմանը հանրային կյանքի և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում:

6.4 Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով համարելով սպառնալիք երկրի պետական և հասարակական անվտանգության, կառավարման ժողովրդավարական համակարգի համար՝ Հայաստանը կոռուպցիայի հանդեպ որդեգրել է զրո հանդուրժողականության քաղաքականություն: Մեր հակակոռուպցիոն քաղաքականությունը հանգեցնելու է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանն ու զարգացմանը և պետական պաշտոնյայի բարեվարքության բարձր նշաձողի սահմանմանը: Մենք աշխատելու ենք նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ուղղությամբ:

6.5 Մենք հանձնառու ենք շարունակաբար բարելավելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը:

6.6 Հասարակական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես պետական կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը Հայաստանին թույլ չի տալիս լիովին օգտագործել մարդկային կապիտալն ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման ուղղություններով: Պետությունը հետամուտ է լինելու ինչպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, այնպես էլ հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանն ու քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:

6.7 Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել ապակենտրոնացված, արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ուղղությամբ:

6.8 Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ այդ թվում աշխատանքային իրավունք¬ները և սոցիալական շահերը պաշտպանող  արհեստակցական միությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Պետությունը քայլեր է ձեռնարկելու քաղաքական որոշումների մշակման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավումն ավելացնելու ուղղությամբ:  Պետական կառավարման համակարգի հանդեպ հանրային վերահսկողությունը համարելով արդյունավետ կառավարման կարևոր երաշխիք՝ պետությունը հետամուտ է լինելու պետություն-հասարա¬կություն երկխոսությանը և համագործակցության հարթակների ընդլայնմանը: 

6.9 Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս խոսքի ազատությանը, բազմակարծությանը և զանգվածային լրատվամիջոցների անկախությանը՝ միաժամանակ դրսևորելով զրո հանդուրժողականություն ահաբեկչության և ծայրահեղականության քարոզի, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, քաղաքական և այլ հայացքներից կախված խտրականության, ատելության քարոզի, ինչպես նաև բռնության հրահրման հանդեպ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում