ՄՄերի Եգորյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական փաթեթը, 2 նախագիծ մերժեց՝ վերադարձնելով երկրորդ ընթերցման փուլ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական փաթեթը, 2 նախագիծ մերժեց՝ վերադարձնելով երկրորդ ընթերցման փուլ

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու նախագիծը՝ 1 կողմ, 79 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և վերադարձնել այն առաջինից երկրորդ ընթերցման փուլ՝ այն արտակարգ իրավիճակի պայմաններին առավել համապատասխանեցնելու համար: 

Նշենք՝ փոփոխությունը ենթադրում էր համավարակով պայմանավորված՝  անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռավար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:

ԱԺ-ն 1 կողմ, 78 դեմ, 7 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանը նույնպես նշեց, որ փաթեթն անհրաժեշտ է լրամշակել, ուստի խնդրեց դեմ քվեարկել և այն վերադարձնել առաջինից երկրորդ ընթերցման փուլ: 

Նշենք՝ նախագծով առաջարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվեն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

«Բնակչության բժշկական օգնության  և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթեցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: 

Նշենք՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ ձայնով: 

Նշենք՝ նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: 

Նշենք՝ նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության հաստատած կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 17 դեմ ձայներով, ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: 

Նշենք՝ նախագծով նոր կարգավորումներ են նախատեսվում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում: Փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է:  

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 95 կողմ, 1 դեմ ձայներով: 

Նշենք՝ նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի, և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը 06:00-22:30-ը:  

«Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 կողմ ձայնով: 

Նշենք՝ նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:

«Ռազմարդյունաբերության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում